Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 25 մարտի 2010

Կառավարությունը բարձրացնում է կենսաթոշակի ու նպաստի չափերը


Այսօր Արարատի մարզկենտրոն Արտաշատ քաղաքում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստն սկսվել է Արարատի մարզի 2009թ. սոցիալ-տնտեսական իրավիճակի և իրականացվող ծրագրերի վերաբերյալ մարզպետ Վարդգես Հովակիմյանի հաշվետվությամբ։ Նա ներկայացրել է նաև մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները։ ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել մարզպետի հաշվետվությունը։


Հաստատվել է մարզի զարգացման ծրագիրը


ՀՀ կառավարությունը հաստատել է Արարատի մարզի 2011-2014թթ. սոցիալ-տնտեսական ծրագիրը։ Մարզի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է, որի տեսակարար կշիռը հանրապետության ընդհանուր ծավալում 16,6 տոկոս է։ Զարգացած է նաև արդյունաբերությունը, 10-ից ավելի խոշոր գործարարների արտադրանքը երկրի արդյունաբերության ծավալի 8 տոկոսն է։ Հաստատված ծրագիրը Արարատի մարզում ներդրում կատարելու առաջարկ է նաև` ուղղված միջազգային դոնոր կազմակերպություններին, գործարարներին, ֆիզիկական և իրավաբանական շահագրգիռ անձանց։ Գործադիր իշխանության հանրապետական համապատասխան մարմիններին և մարզպետին հանձնարարվել է, հաշվի առնելով առկա տնտեսական միտումները և ելնելով մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխությունից, անհրաժեշտության դեպքում կառավարություն ներկայացնել առաջարկություն ծրագրում ճշտումներ կատարելու վերաբերյալ։
Գործադիրն ի գիտություն է ընդունել Արարատի մարզի ոռոգման համակարգի հիմնախնդիրներին վերաբերող տեղեկանքը, որի համաձայն ջրամատակարարման համակարգի մաշվածության և քայքայվածության պատճառով միայն ներտնտեսային ոռոգման ցանցում կորչում է ջրի մոտ 40 տոկոսը։ Կորուստը կրճատելու նպատակով կառավարության և ՀԲ օգնությամբ նորոգվել և վերակառուցվել է մոտ 60 կմ ներտնտեսային ցանց։ Հողատարածքների զգալի մասը ոռոգվում է մեխանիկական եղանակով, ուստի մեծ է ոռոգման ջրի ինքնարժեքը։ Ապագա ներդրումային ծրագրերի միջոցով նախատեսվում է կառուցել Քաղցրաշենի ինքնահոս ջրատարը և Վեդու ջրամբարը, որոնց շնորհիվ շահագործումից կհանվի 14 խոշոր պոմպակայան, կտնտեսվի զգալի քանակությամբ էլեկտրաէներգիա։
Իր նիստում կառավարությունը հավանություն է տվել Արարատի մարզի մշակութային հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ցանկին։ Այն պայմանավորված է այս ոլորտում մարզում եղած հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությամբ, որից հետո կիրականացվեն նաև զարգացման ծրագրեր։ Ցանկում ընդգրկված են միջոցառումներ, որոնք ուղղված են Լուսառատ գյուղում գտնվող Արտաշատ քաղաքատեղիի, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, Զանգակատուն գյուղի Պարույր Սևակի թանգարանի, Արարատի Օ. Չուբարյանի անվան մարզային գրադարանի, Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, Արտաշատի Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի և Վեդի քաղաքի մշակույթի տան բնականոն կենսագործունեության ապահովմանը։
Գործադիրն ի գիտություն է ընդունել Արարատի մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքների մասին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հաղորդումը։
Մարզի հիմնախնդիրներին վերաբերող որոշումների ընդունումից հետո քննարկումն ամփոփել է վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Ցանկանում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել Արարատի մարզի իրավիճակին առնչվող որոշ դիտարկումներ, որոնք հիմնված են նաև սոցիոլոգիական հարցումների արդյունքների վրա, որ յուրաքանչյուր մարզ այցելելուց առաջ իրականացնում ենք։ Մարզն ունի որոշ առանձնահատկություններ, որոնցից առաջինն է, որ Արարատի մարզն այլ մարզերի համեմատ առավել ինտեգրված է Երևանին. Երևանի ազդեցությունը մարզի վրա չափազանց մեծ է։ Մարզի երկրորդ առանձնահատկությունն այն է, որ գործազրկության մակարդակը ամենացածրն է Հայաստանի Հանրապետությունում։ Երևի նաև դրա շնորհիվ սոցիալ-տնտեսական իրավիճակի և ապագայի կանխատեսման վերաբերյալ բնակչության գնահատականն ավելի շուտ դրական է։ Հաջորդ առանձնահատկությունը, որը, երևի բնորոշ է նաև այլ մարզերի, այն է, որ բնակիչները շատ դժգոհ են գյուղատնտեսական մթերքներ վերավաճառողներից։ Երկու պատճառով են դժգոհ. առաջինը` որ իրենցից մթերումներն իրականացվում են ցածր գներով, իսկ սպառողներն էլ դժգոհ են, որ գյուղատնտեսական ապրանքները իրենց հասնում են բարձր գներով։ Հիմնական դժգոհության թիրախային կետը վերավաճառողների ինստիտուտն է։ Աղքատության մակարդակը միջին հանրապետականից 10 տոկոսով ցածր է։ Չափազանց հետաքրքիր է, որ մարզում արտագնա աշխատանքի ցուցանիշը նույնպես ամենացածրն է։ Ընդհանուր առմամբ, այլ մարզերի համեմատ սոցիալ-տնտեսական իրավիճակը բարվոք է։ Պատճառը երևի նաև այն է, որ բնակչության 85 տոկոսը իր ապագան կապում է մարզի հետ և չի պատրաստվում փոխել բնակավայրը։ Սա ամենաբարձր ցուցանիշն է։ Ի՞նչ հիմնախնդիրներ են առաջ քաշում մարզի բնակիչները։ Առաջին տեղում գործազրկության խնդիրն է. հարցվողների 46.3 տոկոսը կարևորում է աշխատանքի խնդիրը։ Հրատապ է նաև բնակարանային ապահովման խնդիրը։ Համայնքների առջև կանգնած խնդիրների տեսակետից առաջին տեղում ճանապարհների վիճակն է, որը մտահոգում է հարցվածների 38.6 տոկոսին։ Երկրորդ տեղում ոռոգման և ջրի խնդիրն է, երրորդ տեղում` խմելու ջրի խնդիրը, չորրորդում` աղբահանության, աղտոտվածության խնդիրը։ Շատ հետաքրքիր է, թե մարզի բնակիչներն ում հետ են կապում իրենց հիմնախնդիրների լուծումը. 57.7 տոկոսն իր խնդիրների լուծումը կապում է կառավարության գործունեության հետ, մարզպետարանի աշխատանքի հետ` ընդամենը 7.5 տոկոսը։ Այսինքն, այս տարբերությունը չափազանց մեծ է։
Մարզի ևս մեկ առանձնահատկություն։ Մարդիկ առավել մտահոգված են Թուրքիայից և Իրանից ներմուծվող գյուղատնտեսական էժան ապրանքների խնդրով և այս երկրների արտադրողներին դիտարկում են որպես լուրջ մրցակիցներ, որոնք կարող են ազդել իրենց ապրանքների արտադրության և իրացման վրա։
Հաջորդ առանձնահատկությունը, որն ինձ, անկեղծ ասած, մի քիչ զարմացրեց` «որ ոլորտում կցանկանային աշխատել մարզի բնակիչները» հարցի պատասխանն է։ Առաջին տեղում արդյունաբերությունն է։ Ինձ թվում էր, թե գյուղատնտեսությունն ավելի հարգի կհամարվեր, բայց պարզվեց` ոչ։ Երկրորդ տեղում սեփական գործ դնելն է` բիզնեսը, երրորդ տեղում կրթության ոլորտն է, և միայն չորրորդում ` գյուղատնտեսությունը։ Հետաքրքիր է, որ դժգոհության հիմնական թիրախները երկուսն են` առաջինը` մարզպետարանը, երկրորդը` կադաստրը։ Նշում են, որ բյուրոկրատիան չափազանց մեծ է այդ երկու ինստիտուտներում։ Ընդ որում, հարցվողներն այս խնդրին անդրադառնում են մի քանի անգամ։ Եվ համեմատելու ամեն առիթի դեպքում պետական ծառայություն մատուցող կառույցներից այս երկուսը արժանանում են դժգոհության ամենաբարձր մակարդակին։ Հետաքրքիր է, որ մարզում ամենաշատը գոհ են դպրոցների և քաղաքապետարանների աշխատանքից։ Ընդհանրապես, քաղաքապետարաններն ընկալվում են որպես բնակչին ավելի մոտ կանգնած, մարդկանց հոգսով ապրող կառույցներ, և քաղաքացիներն ավելի դրական են գնահատում դրանց աշխատանքը։ Ընդ որում` հետաքրքրական է, որ մարզպետարանների նկատմամբ վերաբերմունքը բնորոշ է ոչ միայն Արարատի մարզին. սա Հայաստանի Հանրապետությունում օրինաչափություն է, որ երևի թե պայմանավորված է այն հանգամանքով, որ մարզպետներն ավելի խստապահանջ են, ու նաև հանգամանքով, որ պետության նկատմամբ հարկային պարտավորությունների, վճարումների և այլնի հարցերը լուծում են մարզպետարանները, և դժգոհության սլաքն ուղղվում է դեպի դրանք։ Մարզի բնակիչները ծարավ են մշակութային միջոցառումների։ Այսինքն` երևի թե մենք պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք մշակութային ավելի հագեցած ծրագրեր իրականացնելուն։ Ընդհանուր առմամբ սա է մարզի պատկերը։ Ե՛վ ընդհանուր գնահատականները, ե՛ւ սպասումները դրական են»։

 

Գազի սակագնի բարձրացման փոխհատուցում սոցիալապես առավել խոցելի խմբերին


Գործադիրը որոշել է ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի «Բազային և հիմնական կենսաթոշակի ու ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանելու մասին» N 707-Ն որոշման 2-րդ կետի ա) ենթակետի «8000» թիվը փոխարինել «10500» թվով, մեկ այլ որոշմամբ` ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի «2010թ. պետական նպաստների չափերը սահմանելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 32-Ն որոշման 2-րդ կետի 1)-ին և 7)-րդ ենթակետերի «10000» թիվը փոխարինել «12500» թվով։ Որոշումները, որոնք ուժի մեջ են մտնում համապատասխանաբար 2010թ. նոյեմբերի 1-ից և մայիսի 1-ից, ընդունվել են գազի սակագների բարձրացմամբ պայմանավորված սոցիալապես առավել խոցելի խմբերի դրամական օժանդակություն ցուցաբերելու նպատակով։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ խնդրի լուծման որոշումը կայացրել է ՀՀ նախագահը, որը դեռ ամիսներ առաջ խորհրդակցություն է գումարել այդ առթիվ։ Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը առաջարկություններ է մշակել գազի թանկացման բացասական հետևանքները մեղմելու նպատակով։ «Հարցը միայն սակագինը չէ, մենք գործ ունենք նաև գնաճի հետ, որը պետք է զսպվի Կենտրոնական բանկի և մյուս պատկան մարմինների ջանքերով, որպեսզի առաջիկա տարիներին վերադառնանք ավելի զուսպ գնաճի», - նշել է վարչապետը։ Նպաստի և կենսաթոշակի բարձրացումը բնակչության առավել խոցելի խմբերի համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծում դիմագրավելու առկա դժվարությունները։


Փոխհատուցվում են պատերազմի վետերանների ավանդները


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2010թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է 1941-1945թթ. հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձի առթիվ պատերազմի վետերաններին նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը։ «Այս հարցը հանգամանորեն քննարկվել է հանրապետական կուսակցությունում, եղել է այն միանշանակ ըմբռնումը, որ մեր բարոյական պարտքն է պատերազմի վետերաններին տալ այդ նախապատվությունը», - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը և հավելել, որ որոշումը վերաբերում է երեք հազար  ինը հարյուր վետերանի և որ այս խնդրում կառավարությունն ակնկալում է ամբողջ հասարակության հավանությունը։ Այս օրինագիծը կառավարությունը համարել է անհետաձգելի։


Կարգավորվել են մի շարք հրատապ հարցեր


ՀՀ կառավարությունը ՊԵԿ նախագահին պարտավորեցրել է ՀՀ կառավարության աշխատակազմի և ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում մշակել և սահմանված կարգով կառավարության քննարկմանը ներկայացնել ՊԵԿ կարիքների համար 53 տերմինալների ձեռքբերման տեխնիկական բնութագրերը, սահմանված կարգով կազմակերպել մրցույթներ, իսկ գնման պայմանագրերը կնքելուց հետո կառավարություն ներկայացնել առաջարկություններ ՊԵԿ-ին գումար հատկացնելու վերաբերյալ։ ՀՀ վարչապետի դիտարկմամբ տերմինալների գործարկումը հնարավորություն կտա այս գործում ներդնել նոր մշակույթ` հարկային մարմնի և հարկ վճարողի հարաբերություններում նախապատվությունը տալ էլեկտրոնային եղանակի կիրառմանը, որը ամեն ինչից զատ նաև պակաս ծախսատար է, նվազեցնում է կոռուպցիոն ռիսկը։ Հաջորդ որոշմամբ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարությանն օժանդակելու նպատակով վերահսկողության անցկացման և պարգևավճարների կարգը հաստատելու որոշման մեջ։ Տիգրան Սարգսյանն այս առնչությամբ ասել է, որ բոնուսների վճարման ժամանակ գոյացող հերթերը առաջացրել էին բնակչության դժգոհությունը, ՊԵԿ-ը ստիպված էր զբաղվել իրեն ոչ բնորոշ գործառույթով։ Այդ ծառայությունները այժմ կարող են մատուցել ոչ միայն առևտրային բանկերն ու Հայփոստը, այլև վճարահաշվային գործունեություն մատուցելու արտոնագիր ունեցող այլ կազմակերպություններ։ Այսպիսով, ստեղծվում է մրցակցային դաշտ, և կառավարությունը հնարավորություն կունենա տվյալ ծառայությունների համար գտնել ավելի նպաստավոր գործընկերներ։
Հիմք ընդունելով Երևանի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա ձևավորված քաղաքի զարգացման հեռանկարները, կառավարությունը Երևան քաղաքի և Արարատի մարզի Արգավանդի գյուղական համայնքի վարչական սահմանների որոշ տարածքներ ճանաչել է բացառիկ` գերակա հանրային շահ։ Որոշումը վերաբերում է Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի հետ համատեղ մշակված Երևանի քաղաքային տրանսպորտի ծրագրով իրականացվելիք քաղաքի հյուսիսը հարավին միացնող մայրուղու, Դավթաշենի կամուրջ-Հալաբյան փողոցից մինչև Աշտարակի խճուղի կապի ենթաօբյեկտի ճանապարհային մասի, Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկից մինչև Արտաշատի խճուղու Նորագավիթը շրջանցող միջպետական մայրուղու և Շիրակի փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային միացնող մայրուղու որոշ հատվածներին։ Նախատեսված ճանապարհաշինության արդյունքում մասնակիորեն կլուծվի Երևան քաղաքում ավտոմեքենաների թվի կտրուկ ավելացման պատճառով գերբեռնված ավտոճանապարհների բեռնաթափման խնդիրը։ Սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2011թ. հունվարի 1-ն է։ Սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթնօրյա ժամկետում փաստաթուղթը պատշաճ ձևով կուղարկվի օտարվելիք սեփականության սեփականատերերին և սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց։
ՀՀ կառավարությունը որոշել է «Երկաթուղու շինարարության տնօրենություն» ՓԲԸ-ում լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնել 43500.0 հազար դրամով, այն սահմանելով 70500.0 հազար դրամ։ Դրա շնորհիվ կկարգավորվեն նոր ձևավորվող ՓԲԸ-ի գործունեության ապահովման և արդյունավետության բարձրացման հարցերը։
Գործադիրը որոշել է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կրթության և գիտության նախարարության կանոնադրության մեջ, որոնք կնպաստեն նախարարության և իր աշխատակազմի գործառույթների իրականացման արդյունավետությանը և կատարողականի բարձրացմանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ այս աշխատանքը, որն ուղղված է գործառույթների տարանջատմանը և ճշտմանը, կատարելու են բոլոր նախարարությունները։ Նա գովասանքով է արտահայտվել կրթության և գիտության նախարարի հասցեին, որն առաջինն է ավարտին հասցրել այս գործը և մնացած նախարարներին կոչ արել ուշադրության կենտրոնում պահել խնդիրը։
Իր երկու որոշումներով  փոփոխություններ և լրացումներ կատարելով նախկին որոշումներում, գործադիրը սահմանել է, որ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի «Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն» ֆակուլտետ կարող են ընդունվել ոչ միայն պարտադիր զինվորական ծառայություն անցած անձինք, իսկ ՀՀ ոստիկանության ակադեմիայի մագիստրատուրայում դասավանդվող առարկաները ներառվում են մասնագիտական առարկաների ցանկ։
Գործադիրը փոփոխել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից ևս մեկը և ՀՀ քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը շարադրել նոր խմբագրությամբ։
Իր որոշմամբ կառավարությունը 67790.25 հազար դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր մարմնի աշխատակազմի պահպանման, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կանաչ գոտու վերականգնման ծրագրով 20 հա տարածքի ոռոգման ցանցի վերակառուցման և Շիրակի մարզի Արթիկ քաղաքի շրջակայքում անտառվերականգնում իրականացնելու նպատակով։
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով սահմանվել է տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հատկացման աճուրդի անցկացման կարգը։ Քաղաքացուն հնարավորություն է տրվել սեփականության իրավունքով իրեն պատկանող, սակայն իր անվամբ չհաշվառված տրանսպորտային միջոցով մասնակցել աճուրդին, ձեռք բերել համարանիշ, այնուհետև տրանսպորտային միջոցը վերահաշվառել իր անվամբ։
Գործադիրը որոշել է «ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմ» ՊԿՀ-ին ամրացված «ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի փորձնական գործարան» ՊՁ լուծարումից հետո մնացած հիմնական միջոցները և գույքը սեփականության իրավունքով հանձնել «ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ին։
Կառավարության որոշմամբ «Արփա-Սևան» ջրատար թունելը անվանակոչվել է Յակով Զարոբյանի անունով։ Նկատի է առնվել այս վաստակաշատ գործչի պաշտոնավարման տարիներին Արփա-Սևանի նախագծման և կառուցման իրողությունը, ինչպես նաև այն, որ 2008թ. լրացել է նրա ծննդյան 100-ամյակը։
Մեկ այլ որոշմամբ գործադիրը Երևանի N 29 միջնակարգ հանրակրթական դպրոցն անվանակոչել է վաղամեռիկ վարչապետ, պետական գործիչ Անդրանիկ Մարգարյանի անունով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այսօր` նրա մահվան օրը, երկրի ղեկավարությունը ՀՀ նախագահի գլխավորությամբ այցելել է պանթեոն և հարգանքի տուրք մատուցել անվանի գործչի հիշատակին, և նրա անվամբ դպրոց կոչելը նույնպես մեր ժողովրդի երախտիքի արտահայտությունն է Անդրանիկ Մարգարյանի հանդեպ։
Կառավարությունն իր որոշմամբ 2010թ. ապրիլին փորձնական մարդահամար անցկացնելու ժամկետը տեղափոխել է ս.թ. հոկտեմբերի 21-30-ը ներառյալ։ Դա պայմանավորված է միջազգային դոնոր կազմակերպությունների` օգնության տրամադրման գործառույթները մինչև ս.թ. ապրիլի 14-ը ավարտելու անհնարինությամբ։


Կառավարությունը հաստատել է


- ՀՀ գանձապետական համակարգի միջոցով օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների շրջանառման կարգը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը շատ է կարևորել այս որոշումը և նշել, որ հաստատված կարգը պետք է կիրառվի բոլոր նախարարությունների վերահսկողության տակ գտնվող ԾԻԳ-երում, որոնք կատարում են հսկայական գումարի աշխատանք, որը սակայն մինչև օրս դուրս էր ֆինանսների նախարարության վերահսկողությունից։ Այսուհետև ֆինանսական հոսքերն ավելի կառավարելի կլինեն։ Հաջորդ քայլերով ԾԻԳ-երը կինտեգրվեն նախարարություններին և կդառնան կառավարման համակարգի մաս։ Հետագայում, նախարարությունների հաստիքակազմերի կրճատման ճանապարհով կմեծանա դրանց անձնակազմերի աշխատավարձը և կկանխվի լավագույն աշխատակիցների հոսքը դեպի ԾԻԳ-եր։
- նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման կազմակերպման և իրականացման կարգը, որի միջոցով հնարավոր է բացահայտել քննարկման դրված հարցի վերաբերյալ հանրային կարծիքը, այլընտրանքային տարբերակները, ինչպես նաև ապահովել հասարակության մասնակցությունը իրավաստեղծ աշխատանքին,
- ՀՀ պաշտպանության համակարգի քաղաքացիական ծառայողների ամսական հավելումների սահմանային չափերը, քաղծառայողներին տրվող ամսական հավելումների վճարման կարգը,
- «ՀՀ 2010թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի «ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի (էներգաբլոկների) շինարարության ծրագրի իրականացման նպատակով կառավարման ծառայությունների պետական գնում» ծրագիրը,
- 2010թ. պետբյուջեի «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով նախատեսված ս.թ. հունիսի 26-ից հուլիսի 2-ը Երևանում ԱՊՀ մասնակից երկրների վեցերորդ բաց երիտասարդական «Դելփյան խաղերի» կազմակերպման և անցկացման հայկական կողմի ծախսի նախահաշիվը։ Խաղերն անցկացվում են 2002թ.-ից։ Այդ ընթացքում դրանք հյուրընկալել են Ռուսաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Ղազախստանը, Բելառուսը։ Հայաստանը մասնակցել է բոլոր խաղերին,
- ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված մի շարք պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը,
- ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից 2010թ. ընթացքում հարկային մարմնի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին հսկիչ գնումների կանխիկ ծախսերի չափաքանակը` 90000.0 հազար դրամ,
- ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող` անշարժ գույքի կադաստրի զարգացման 2010թ. համալիր ծրագիրը,
- ՀՀ-ում ապաստան հայցողին տրվող անձը հաստատող վկայականի ձևը, տրման կարգը, ՀՀ-ում ապաստան ստանալու դիմումի ձևը,
- ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2010թ. նախահաշիվը,
- ՀՀ-ում բնակվող իրաքահայերի ինտեգրման հայեցակարգը։ Այն վերաբերում է իրաքյան պատերազմի, Իրաքում տեղի ունեցող ահաբեկչական գործողությունների և քրիստոնյաների նկատմամբ ծայրահեղականների կողմից դրսևորվող անհանդուրժողականության հետևանքով այդ երկրից արտագաղթած և Հայաստանում հաստատված մոտ 750 իրաքահայերի հասարակության մեջ ինտեգրման խնդրին։ ՀՀ վարչապետի դիտարկմամբ փաստաթուղթը վերաբերում է բոլոր գերատեսչություններին, որոնք պետք է ամեն ինչ անեն, որպեսզի իրաքահայ ընտանիքները հնարավորինս սահուն ինտեգրվեն մեր հասարակություն,
- մանկավարժական կամ վարչական գործունեությունը խոչընդոտող հիվանդությունների ցանկը,
- ՀՀ առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում», «Դեղորայքակայուն տուբերկուլոզի կառավարման ընդլայնումը ՀՀ-ում» և «ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային ծրագրերի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2010թ. նախահաշիվները,
- 2010թ. ընթացքում ըստ ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության չափաքանակները։


Նոր օրենքների նախագծեր


Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ հողամասերի ուղղակի վաճառքի գնի և աճուրդի մեկնարկային գնի սահմանման հիմքում բնակավայրերի հողերի համար ընկած են 2004թ., իսկ գյուղատնտեսական նշանակության հողամասերի համար` 1997թ. սահմանված կադաստրային արժեքները, որոնք այժմ զգալիորեն ցածր են շուկայական արժեքներից։ Հարկավոր է վերացնել այդ տարբերությունը։ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը ընդգծել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նա հիշեցրել է, որ համայնքներում հողը շուկայականից ցածր գնով սեփականաշնորհելու խնդրին անդրադարձել է նաև Վերահսկիչ պալատը։ Այժմ առաջարկվող օրինագծով սահմանվում է վաճառվող հողի մի նիշ, որից ցածր այն չի կարող վաճառվել։ Այս օրինագիծը կառավարությունը համարել է անհետաձգելի։
Գործադրի հավանությանն է արժանացել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել հատուկ նշանակության սննդամթերքի, ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գովազդին ներկայացվող պահանջների խախտման դեպքերը։
Կառավարությունը հավանություն է տվել «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Նախնական մասնագիտական (արհեստագործական ) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է երկքաղաքացիներին հնարավորություն տալ, որպեսզի նրանք քննությունների մասնակցեն օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված կարգով։
Հավանություն է ստացել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի առանց ուսումնասիրության կամ ստուգման արտահանման գործարքներից գոյացած ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարն ուղղել հարկ վճարողի այլ պարտավորության մարմանը կամ այդպիսին չունենալու դեպքում գումարը վերադարձնել հարկ վճարողին։
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ` պատճառաբանելով, որ հիմնավորման մեջ ներկայացված չէ օրենքի կիրարկման արդյունքը։ Գործադիրը դեմ է արտահայտվել ԱԺ մեկ այլ խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում, ինչը կառավարության եզրակացության համաձայն կրկնակի կնվազեցնի նշյալ ոլորտից հավաքվող պետեկամուտների չափը։ Բացասական եզրակացություն են ստացել ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի օրենսդրական երկու նախաձեռնությունները, որոնցով լրացումներ և փոփոխություններ են առաջարկվում «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում։
Վերը նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։


Այլ որոշումներ


ՀՀ կառավարությունը իր երեք որոշմամբ փոխել է Կոտայքի մարզի Եղվարդի քաղաքային, Լոռու մարզի Գարգառի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները, հաստատել Սյունիքի մարզի համայնքների վարչական սահմանից դուրս` մարզի վարչական սահմանում գտնվող «Աջիբաջ» հանդամասի հողերի ժամանակավոր սխեման և որոշ հողեր փոխադրել այլ նշանակության հողերի կատեգորիա` համապատասխանաբար ձևավոր թիթեղի արտադրամաս, գազալցակայան կառուցելու և ընդերքօգտագործման նպատակով։
Գործադիրը երեք տարի գործողության ժամկետով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման լիցենզիա է տվել Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին, «Սամվել Սարգսյան և գործընկերներ» և «ՄՑԽ» վիրաբուժության կենտրոն» ՍՊԸ-ներին։
Կառավարությունը, ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Ձոնիկ Մարգարյանի ծառայողական պարտականությունների կատարումը կասեցրել է մինչև 2010թ. ապրիլի 9-ը ներառյալ։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ