ուրբաթ, 26 մարտի 2010
Վարչապետը բարձր է գնահատել Սուրբ Սարգսի տոնակատարությունների ավանդույթի վերականգնումը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Սուրբ Սարգսի տոնին նվիրված մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությանը։ Մրցանակաբաշխությունը հանդիսապետում էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ներկա էին Աշխարհի հայ նկարիչների միության վարչության անդամներ։ Տիգրան Սարգսյանը պատվոգրեր է հանձնել ցուցահանդես-մրցույթում հաղթող ճանաչված երիտասարդ ստեղծագործողներին` գրաֆիկայի, գեղանկարչության, քանդակի և դեկորատիվ արվեստի ճյուղերում ներկայացված աշխատանքների համար։
Այնուհետև, Աշխարհի հայ նկարիչների միության վարչությունը վարչապետին պարգևատրել է «Մոմիկ» շքանշանով և շնորհել անդամության պատվավոր կոչում։
Դիմելով ներկաներին` Տիգրան Սարգսյանը, մասնավորապես նշել է. «Սրբազան հայր, հարգելի գործընկերներ։ Իմ շնորհակալությունն եմ հայտնում Աշխարհի հայ նկարիչների միությանը, որ ինձ շնորհել են այս պարգևը։ Իհարկե, մյուս կողմից էլ դա պարտավորեցնող է. պետք է ուշադրության կենտրոնում պահել այն խնդիրները, որոնք մտահոգում են մեր նկարիչներին և ավելի լայն հնարավորություններ ստեղծել մեր տաղանդաշատ նկարիչների համար` բարձր պահելու հայկական արվեստի համբավն ամբողջ աշխարհում, ինչին կոչված է նաև այս կազմակերպությունը»։
Վարչապետը բարձր է գնահատել Սուրբ Սարգսի տոնակատարությունների ավանդույթի վերականգնումը և մասնավորապես նշել. «Տեսնում ենք, որ մեր երիտասարդներն արդեն Սուրբ Սարգսի հիշատակության օրն ընկալում են որպես գեղեցիկ տոն, առանց որի այլևս հնարավոր չէ պատկերացնել անկախ Հայաստանի Հանրապետության կյանքը։ Մեզ շատ է ուրախացնում այն, որ խորհրդայնացման տարիներից հետո կարողանում ենք հայկական ավանդույթները և տոները նորից մեր կյանք ներառել։ Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև փոխվում է մեր մտածողությունը և վերաբերմունքն ազգային արժեքների նկատմամբ։ Այսօր բուռն բանավեճեր են ծավալվում Հայ առաքելական եկեղեցու անելիքների վերաբերյալ, նրա հասարակական դոկտրինի վերաբերյալ, ինչը շատ դրական եմ գնահատում, որովհետև եթե կա ուշադրություն այս հարցերի շուրջ, նշանակում է, գալու է մի նոր փուլ, այն է` Հայ առաքելական եկեղեցին կստանա գործունեության ավելի լայն դաշտ, հավատացյալների ավելի մեծ զանգված, ում հետ նա կարող է աշխատել` իրականացնելու իր առաքելությունը։ Այն ձեռնարկները, որ այսօր իրականացնում է նաև Արարատյան թեմը` Նավասարդ սրբազանի գլխավորությամբ, վկայում են այն մասին, որ երիտասարդների շրջանում արդեն շատ մեծ հետաքրքրություն կա եկեղեցու նկատմամբ, մեր առօրյա այնպիսի կյանքի ու կենցաղավարության նկատմամբ, ինչպիսին քարոզում է եկեղեցին»։