հինգշաբթի, 1 ապրիլի 2010
Ի պատասխան «Հրապարակ» օրաթերթի հրապարակման
«Հրապարակ» օրաթերթի մարտի 27-ի համարում լույս է տեսել Ս. Սիմոնյանի «Վարչապետի ո՞ր հանձնարարականը չի կատարել Կարինե Մինասյանը» հոդվածը, որի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.
- Ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով կառավարության ղեկավարին են դիմում բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ստեղծագործական միություններ, գիտական ու հետազոտական հաստատություններ, մշակույթի գործիչներ և անհատներ, որոնց ՀՀ վարչապետի ֆոնդից տրամադրվում է դրամական օգնություն։ Նման օժանդակության խնդրանքով կառավարության ղեկավարին է դիմել նաև «Սպառողական մարքետինգի և տնտեսական վերլուծությունների ՍՄԱՐՏ կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որին ՀՀ վարչապետի ֆոնդից, ի թիվս այլ կառույցների, տրամադրվել է օժանդակություն` կազմակերպության պլանավորած աշխատանքների իրականացման համար։
- Վարչապետը հանձնարարական է տվել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին։ Տրված հանձնարարականին ոչ պատշաճ պատասխանելու համար (և ոչ թե հանձնարարականը չկատարելու համար) նկատողություն է հայտարարվել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կ. Մինասյանին, ով հանձնարարականի տրման և կատարման օրերին գործել է որպես ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։
- ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը որևէ առնչություն չունի ոչ ՍՄԱՐԹ ՀԿ-ի, ոչ նրա հիմնադիրների և անդամների, ոչ էլ ղեկավարների հետ։ Հոդվածի համատեքստում նրա անվան շահարկումը միանգամայն անտեղի է։
ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն