երեքշաբթի, 24 հունիսի 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է «Լեդա Սիստեմս» ամերիկյան ընկերության նախագահ, դոկտոր Վահրամ Մուրադյանին, ընկերության հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանին և «Լեդա Քեմպուս» ընկերության տնօրեն Հրաչյա Մուսայելյանին:
«Լեդա Սիստեմսի» նախագահ Վահրամ Մուրադյանը վարչապետին ներկայացրել է համաշխարհային շուկայում, հատկապես կիսահաղորդիչների մտավոր սեփականության բլոկների նախագծման ասպարեզում, առաջատար դիրք գրավող ընկերության ներկայիս վիճակը, գործունեության հիմնական ուղղություններն ու զարգացման ծրագրերը: Նա նշել է, որ վերջին շրջանում ընկերությանը հաջողվել է զգալիորեն մեծացնել իր հնարավորությունները, ձևավորվել է «Լեդա Սիստեմս» հոլդինգ, որի կազմի մեջ մտնող ընկերությունները մասնագիտանում են առանձին: Խոսելով Հայաստանում ընկերության ծավալած գործունեության մասին, պարոն Մուրադյանը նշել է, որ 2000 թ. աշնանը հիմնված հայաստանյան մասնաճյուղը, որի տնօրենը նաև ՀՀ վարչապետին առընթեր տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի անդամ է, մասնագիտացված է անալոգային, թվային և խառը ազդանշանային մտավոր սեփականության բլոկների նախագծման ոլորտում: Արտադրանքի որակը և ցածր ինքնարժեքը, ըստ նրա, հնարավորություն են ընձեռում ընկերությանը գրավելու նորանոր շուկաներ, թեև այդ ասպարեզում դեռևս անելիքներ կան՝ հատկապես ասիական և ռուսաստանյան շուկաներում ամրապնդվելու ուղղությամբ: Ընկերության նախագահը կարևորել է նաև Երևանի ճարտարագիտական համալսարանի հետ 2001 թ. հիմք դրված համագործակցությունը, որտեղ ստեղծված ուսումնական կենտրոնը մեծ դեր է խաղում «Լեդա Սիստեմսին» բարձրակարգ նոր մասնագետներով ապահովելու գործում, այդպիսով լուծելով նաև երիտասարդ մասնագետների զբաղվածության խնդիրը: Դոկտոր Վահրամ Մուրադյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը, անձամբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ ընկերությանը մշտապես աջակցություն ցուցաբերելու համար: Հանդիպման ժամանակ՝ որպես ընկերության գործունեության դրական արդյունքների վկայություն, նշվել է նաև արտերկիր մեկնած հայ մասնագետների նկատելի ներհոսքը հանրապետություն:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը իր գոհունակությունն է հայտնել «Լեդա Սիստեմս» ընկերության հաջողությունների կապակցությամբ, մեկ անգամ ևս հավաստելով Հայաստանի կառավարության պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցելու ընկերության աշխատանքներին, գիտական ներուժը պահպանելու, նոր նախաձեռնությունները խթանելու նպատակով: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում հաջողություն արձանագրած ընկերությանը վարչապետն առաջարկել է քննարկել այդ բնագավառի հայաստանյան ձեռնարկությունների հետ համագործակցություն սկսելու հնարավորությունները: Արված որոշակի առաջարկները հետաքրքրել են ընկերության ղեկավարությանը, որը վաղը ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունում կհանդիպի իր հավանական գործընկերների հետ՝ քննարկելու համագործակցության հնարավոր ուղիները:
Հանդիպման ավարտին վարչապետը նշել է, որ առաջիկայում կայցելի ընկերություն՝ կատարված աշխատանքներին և նոր ծրագրերին տեղում ծանոթանալու նպատակով: