հինգշաբթի, 8 ապրիլի 2010
Կբացահայտվեն հարկերից խուսափող խոշոր ձեռնարկատերերը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ նա դիմել է ներկաներին.
«Ապրիլի 1-ին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում ֆինանսների նախարարությունը հրապարակել է ցանկը այն 285 ձեռնարկությունների, որոնք պարտավոր են այս տարի հրապարակել իրենց ֆինանսական հաշվետվությունները արտաքին աուդիտորի եզրակացությամբ։ Իհարկե, այդ ցուցակը դեռևս կճշգրտվի, որովհետև դրանք այն ձեռնարկություններն են, որոնք 2009թ. ունեցել են 1 մլրդ դրամից ավելի շրջանառություն։ Այժմ այդ հաշվարկները կատարվում են, և ցանկը կարող է փոփոխվել, բայց մենք առաջին անգամ պետք է հետևենք, որ Հայաստանի խոշոր ձեռնարկությունները հրապարակային հաշվետվությամբ հանդես գան։ Մեզ քննադատում են, որ մենք չենք կարողանում խոշոր ձեռնարկությունների ոլորտում ապահովել պատշաճ վերահսկողություն, և ես այդ քննադատության հետ համաձայն եմ։ Եթե խոշոր ձեռնարկությունը հնարավորություն ունի խուսափել հարկային պարտավորությունների կատարումից, ապա դա մեծ չարիք է ցանկացած պետության համար։ Մեծ չարիք է, որովհետև դրանով խարխլվում են պետության հիմքերը, փոքր ու միջին բիզնեսին հնարավորություն չի տրվում զարգանալ։ Հանրապետության նախագահը մի քանի անգամ հստակ հանձնարարական է տվել ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններին և կառավարության աշխատակազմին` էապես ավելացնել մեր վերլուծական կարողությունները, որպեսզի բացահայտվեն հարկման բազան և այն ոլորտները, որոնք դեռևս խուսափում են հարկերի վճարումից։ Այս երկու տարվա ընթացքում մենք փորձ ենք կատարել հավաքագրել այնպիսի կադրեր, որոնք ի վիճակի են նման վերլուծական աշխատանք կատարելու, բայց, ցավոք, կատարված աշխատանքը դեռևս մեզ չի բավարարում։ Մեկ ամսվա ընթացքում ֆինանսների նախարարությունը պարտավոր է հրապարակել իր վերլուծական աշխատանքի արդյունքը, մասնավորապես համեմատության մեջ ցույց տալով, թե խոշոր հարկ վճարողների ցուցանիշները ինչպիսին են եղել 2008 և 2009 թվականներին։ Մտավախություն կա, որ հիմնական հարկային բեռը ճգնաժամային տարվա ընթացքում ընկել է ոչ թե խոշոր, այլ փոքր և միջին բիզնեսի վրա, և մենք պարտավոր ենք փարատել այս բոլոր կասկածները։ Հաշվետվությունների հրապարակումը հանրությանը հնարավորություն է տալու վերահսկել մեզ, որովհետև դրանց հիման վրա հնարավոր է իրականացնել ինքնուրույն վերլուծական աշխատանք և տեսնել, թե արդյո՞ք այդ խոշոր ձեռնարկությունները կատարում են պետության նկատմամբ իրենց պարտավորությունները։ Մենք այս խնդրում լուրջ անելիք ունենք։ Ազգային Ժողովում է «Հարկերի մասին» և այլ օրենքներում փոփոխության մի նախագիծ, որը ենթադրում է, որ երրորդ անձանցից ստացված տեղեկությունը նույնպես անհրաժեշտ է մեզ, որպեսզի ճիշտ վերլուծություն կատարենք խոշոր ձեռնարկությունների գործունեության վերաբերյալ։ Ես կարծում եմ` ճիշտ կլինի, որ այդ օրենքի նախագիծը մենք համարենք անհետաձգելի, որպեսզի այն համահունչ լինի այս գարնանը հրապարակվող հաշվետվություններին և որպեսզի խոշոր ձեռնարկություններում տիրող իրավիճակի մասին վերլուծաբաններն ունենան օբյեկտիվ տեղեկություն։ Անուղղակի տեղեկությունը էլեկտրաէներգիայի սպառման ծավալն է, օգտագործված ջրի քանակը, կոմունալ վճարը, որոնք պետք է համադրվեն այդ ձեռնարկության համախառն արտադրանքի ծավալի ֆինանսական իրացման հետ։ Կարծում եմ, որ խոշոր ձեռնարկությունների դաշտում թափանցիկություն ապահովելու ամենահզոր գործիքը հրապարակայնությունն է, և մենք այդ ռազմավարությունն ենք իրականացնում։ Եթե սրան ավելացնենք մեր էթիկայի հանձնաժողովների ձևավորման պարտավորությունը, որը հնարավորություն է տալու վերահսկողության տակ վերցնել պատգամավորներին և նախարարներին և թույլ չտալ, որ նրանք անմիջականորեն զբաղվեն բիզնեսով, կարծում եմ, մեր հասարակության մեջ վստահությունը խոշոր բիզնեսի նկատմամբ կավելանա, ինչի կարիքը մենք ունենք։ Ֆինանսների նախարարության կարողությունները այդ առումով պետք է ուժեղացվեն։ Ազգային անվտանգության ծառայությունից ինձ զեկուցել են, որ վերջերս նաև երիտասարդ մասնագետի ձերբակալություն է տեղի ունեցել ներքին աուդիտի վարչությունում։ Նա փորձ էր արել փող շորթել, ուստի չափազանց կարևոր է, որ մաքրվեն կադրերը, մանավանդ ֆինանսների նախարարությունում։ Այդ դեպքը վստահություն է ներշնչում, որ վերահսկողությունը պետք է ուժեղանա, և այդպիսի մարդիկ չպետք է աշխատեն աուդիտի վարչությունում։ Համոզված եմ, որ ազգային անվտանգության ծառայության իրականացրած այդ գործողությունը դաս կլինի մնացածի համար, քանի որ ֆինանսների նախարարության ուժեղ վերահսկողությունը մեզ համար խիստ անհրաժեշտ է։ Մենք խստացնելու ենք մեր հսկողությունը խոշոր բիզնեսի նկատմամբ` դարձնելու այն թափանցիկ»։
Այնուհետև կառավարությունն անցել է օրակարգի հարցերի քննարկմանը։
Արտադրության խթանում և գույքի նվիրաբերում
ՀՀ կառավարությունը որոշել է Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման աշխատանքների ընդունման նպատակով ստեղծել ընդունող հանձնաժողով։ Էներգաբլոկի կառուցումը նախատեսված է ավարտել ս.թ. ապրիլին։
Գործադիրը որոշել է «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման» ծրագրով կառուցված գույքի կազմից 93.526.326 դրամ արժողությամբ գույքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Գեղարքունիքի մարզի Անտառամեջի, Արագածոտնի մարզի Լեռնապարի և Եղնիկի, Լոռու մարզի Հաղպատի, Սյունիքի մարզի Աղիտուի և Մուցքի համայնքներին, ինչպես նաև առաջարկել կատարված 465.178.068 դրամ ծախսն ավելացնել համապատասխան համայնքի սեփականություն հանդիսացող կառույցների հաշվեկշռային արժեքներին։
Կառավարությունը որոշել է Երևանի Մարգարյան փողոցի N 37 քանդման ենթակա վթարային բազմաբնակարան շենքից վերաբնակեցման ենթակա ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով ՀՀ 2009թ. պետբյուջեով Երևանի քաղաքապետարանին հատկացված միջոցներով կառուցված Քանաքեռի 14-րդ փողոցի N 38/1 բազմաբնակարան շենքը և 1365,14 քառ. մետր հողատարածքը նվիրաբերել Երևան քաղաքին` նշված ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու պայմանով։
Իր նիստում կառավարությունը որոշել է 2010թ. Հայաստանում կազմակերպել «Հայաստանի բուհերի սփյուռքահայ շրջանավարտների հավաք», «Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողով», «Հայ ինքնության որակների պահպանումը խառն ամուսնություններում» և «Արևմտահայերենի ուսուցման վիճակը սփյուռքում» համաժողովները, հաստատել դրանց կազմակերպման ծրագրերը և նախահաշիվները։ Կառավարությունը ՀՀ կրթության և գիտության նախարարությանը թույլատրել է ինը տարի գործողության ժամկետով իրեն սպասարկող ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանի ստորաբաժանումում բացել արտաբյուջետային միջոցների հաշիվ։ Նախարարությունում սկիզբ առած մի շարք ծրագրեր իրենց տրամաբանական ավարտին կմոտենան 2018թ. վերջին, իսկ արտաբյուջետային հաշվում կուտակված միջոցները կուղղվեն գիտաժողովներ, սեմինար-խորհրդակցություններ կազմակերպելու, խրախուսանքի միջոցներ կիրառելու և այլ նպատակների։
Գործադիրը որոշել է 2010թ. ապրիլի 14-18-ը Երևանում տափօղակով հոկեյի աշխարհի մեծահասակների երրորդ դիվիզիոնի առաջնության կազմակերպման և անցկացման նպատակով «Տափօղակով հոկեյի ֆեդերացիա» ՀԿ-ին որպես նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ սպորտի և երիտասարդական հարցերի նախարարությանը հատկացնել 15.000,0 հազար դրամ։ Մրցաշարը կնպաստի մեր երկրում այս մարզաձևի զարգացմանը, մարզիկների վարպետության բարձրացմանը։ Մրցումների արդյունքում կձևավորվի տափօղակով հոկեյի ՀՀ ազգային հավաքականի վերջնական կազմը 2014թ. Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիադայի որակավորման մրցաշարին մասնակցելու համար։
ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ քաղաքաշինության նախարարությունում ներդրված փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգի կիրառումը նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին հասանելի դարձնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից նախարարությանը հատկացվել է 27,991.0 հազար դրամ` տեխնիկական միջոցների ձեռքբերման համար։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը, նկատի առնելով Հայաստանում ԵԽ գրասենյակի արդյունավետ գործունեությունը, դրա աշխատանքի ժամկետը երկարաձգել է մինչև 2010թ. դեկտեմբերի 31-ը։
Փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը փոփոխություն է կատարել իր գործունեության 2008-2012թթ. միջոցառումների ծրագրում։ Մասնավորապես, հստակեցվել են աշխատանքի և զբաղվածության, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման միջոցառումներից ակնկալվող արդյունքը և ժամկետը, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին և նրանց թվին պատկանող անձանց բնակարանով ապահովելու քանակական և ժամկետայնության ցուցանիշները, սահմանվել են կենսապահովման նվազագույն զամբյուղի կազմի, կառուցվածքի և բյուջեի չափի վերաբերյալ օրենսդրության ընդունման նոր ժամկետները։
Գործադիրը սահմանել է, որ ՀՀ և ՀԲ միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված համաձայնագրով նախատեսված պետական ֆինանսական կառավարման և կորպորատիվ հաշվապահական հաշվառման և աուդիտի ծրագիրն իրականացվում է ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ միջոցով, ծրագրի կառավարման խորհրդի լիազորությունը վերապահվում է նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդին։
Կառավարությունը հաստատել է
- ՀՀ ազգային անվտանգության ապահովմանն ուղղված ՀՀ տարածքային կառավարման նախարարության գործունեության հիմնական ուղղությունները` ըստ համակարգում ընդգրկված պետական կառավարման մարմինների կողմից համակարգվող բնագավառների` տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում, ջրային տնտեսություն, փախստականներ և միգրացիա, ազգային արխիվ,
- ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված ՀՀ քաղաքաշինության նախարարության ծրագիրը, որի գերակա նպատակը ներկա և գալիք սերունդների կենսագործունեության բարենպաստ միջավայրի ձևավորումն ու քաղաքաշինական միջոցներով բնակչության կյանքի որակի հետևողական բարելավումն է,
- արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման մեխանիզմների հետազոտման, փրկարարական աշխատանքների իրականացման մասնագիտական խորհրդատվության և տեղեկատվայնացման տարածաշրջանային կենտրոն ստեղծելու ծրագիրը, որով կանոնակարգվելու է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից այդ գործառույթների իրականացման խորհրդատվության կարգը,
- ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված ՀՀ բնապահպանության նախարարության գործունեության հիմնական ուղղությունները և նախարարության գործունեության 2008-2012թթ. ծրագիրը։ Փաստաթղերի նպատակն է շրջակա միջավայրի վրա ներգործության հետ կապված վտանգի գնահատումը, կանխատեսումը, կանխարգելումը կամ դրանց նվազեցումը,
- հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը և հանրակրթության պետական չափորոշիչը։ Կարգով կանոնակարգվում են պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների ձևավորման ու հաստատման գործընթացները և հանրակրթության համակարգ դրանց ներդրմանն առնչվող հարաբերությունները, իսկ չափորոշիչը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, կրթական ծրագրի առավելագույն ծավալը, շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական պահանջները, սովորողների գնահատման համակարգը։
Տավուշի մարզի հյուսիս-արևմտյան մասում, Գուգարաց լեռնաշղթայի Զիկատար լեռնագագաթի հյուսիս-արևելյան դիրքադրության լանջերի անտառային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության եզակի հուշարձանների, բնական պաշարների բնականոն զարգացումը, պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը, վերարտադրությունը, ինչպես նաև բնական և ռեկրեացիոն ռեսուրսների կայուն օգտագործումն ապահովելու նպատակով գործադիրը որոշել է մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 150.0 հեկտար տարածքում ստեղծել «Զիկատար» պետական արգելավայր` ընդգրկելով Գուգարաց լեռնաշղթայի` Կողբ գետի աջափնյա վտակների ավազանների վերին հատվածները, հաստատել արգելավայրի սահմանների նկարագիրը և հատակագիծը, արգելավայրի կանոնադրությունը։
ՀՀ օրենսդրության համաձայն կառավարությունը սահմանել է ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների կողմից հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը։
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ թեթև արդյունաբերության հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցին, տարրական դպրոցում համակարգչային հմտությունների ուսուցման հայեցակարգին և ուսուցման ներդրումն ապահովող միջոցառումների ցանկին։ Հավանություն է ստացել Հայաստանում ինովացիոն համագործակցության հայ-ռուսական կենտրոն բացելու` ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՌԴ ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերի դաշնային գործակալության միջև կնքվելիք հուշագիրը։
Գործադիրը Երևանի քաղաքապետին վերապահել է «Մակարեդ» ՓԲԸ հետ պետության անունից պայմանագիր կնքելու լիազորություն։ Կառավարության նախկին որոշումներից մեկով Երևանի տարածքներից մեկում իրականացվող քաղաքաշինական ծրագրի «Ձեռքբերող» էր ճանաչվել «Մակարեդ» ՓԲԸ-ն, որը սահմանված կարգով իրականացրել է օտարման գործառույթները, բացառությամբ Ե. Կողբացու 18 շենքի N 1 հասցեում գտնվող գույքը։ Այժմ անհրաժեշտ է ճանաչել նոր բացառիկ` գերակա հանրային շահ, որին պետք է նախորդի օրենքով նախատեսված պայմանագիրը։ Մեկ այլ որոշմամբ Երևանի քաղաքապետին են վերապահվել Երևանի քաղաքապետարանի «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ կառավարելու բաժնետիրոջ բոլոր լիազորությունները` բացառությամբ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «գ» և «դ» ենթակետերով սահմանված, ինչպես նաև բաժնետոմսերի օտարման և (կամ) գրավադրման լիազորությունները։
Նոր օրենքների նախագծեր
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի առաջին հոդվածում սահմանվել է վարչական պատասխանատվություն շներ և կատուներ պահելու կանոնները խախտելու, ինչպես նաև քաղաքային համայնքներում առանց սահմանված կարգով տրված թույլտվության բոլոր տեսակի ընտանի կենդանիներ պահելու համար։ Ըստ երկրորդ հոդվածի Երևանի քաղաքապետը պարտադիր լիազորություն ունի վերահսկողություն իրականացնելու շենքերի, շինությունների նպատակային օգտագործման և պահպանման նկատմամբ, ուստի օրենքի կիրառումն ապահովելու համար առաջարկվում է այդ կանոնի խախտման դեպքում սահմանել վարչական պատասխանատվություն։ Լրացումներ են նախատեսված նաև այլ հոդվածներում։
Կառավարության հավանությունն է ստացել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենքից հանել հյուպատոսական այն ծառայություններն ու գործողությունները, որոնք գործնականում չեն կիրառվում, ավելացնել այն տեսակները, որոնք վերջերս են սկսել մատուցվել, ինչպես նաև նշված ծառայությունները մատուցել միևնույն սակագներով, նվազեցնել ակնհայտ բարձր դրույքաչափերը։
Կառավարությունը քննության է առել «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի լրամշակված տարբերակը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը։ Գործադրի եզրակացության համաձայն նախագծի ընդունումը կխախտի բոլոր սփյուռքահայերի և, մասնավորապես, վիրահայերի հավասարության սկզբունքը, Ջավախքի հայապահպանությանը նպաստելու փոխարեն կարող է պատճառ դառնալ Ջավախքի հայաթափմանը։ Այս պատճառաբանմամբ կառավարությունը դեմ է արտահայտվել օրենքի նախագծին։ Բացասական եզրակացություն է ստացել նաև Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունումը նախատեսում է շահառուների, նրանց արտոնությունների տեսակների և չափերի ընդլայնում, որը կպահանջի լրացուցիչ ֆինանսական միջոցներ։ Կառավարությունը նշում է նաև այլ առարկություններ և պատճառաբանում իր որոշումը։
Նշված օրինագծերն ու կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։
Այլ որոշումներ
ՀՀ կառավարությունը որոշել է ֆինանսավորել 2010թ. ապրիլի 4-ին կայացած Շիրակի մարզի Փոքրաշենի, ապրիլի 18-ին կայանալիք Շիրակի մարզի Ղազանչիի, Վարդաքարի գյուղական համայնքների ավագանու անդամների, Վայոց ձորի մարզի Խաչիկի, Սարավանի գյուղական համայնքների ղեկավարների, ապրիլի 25-ին կայանալիք Կոտայքի մարզի Հացավանի գյուղական համայնքի ղեկավարի, Տավուշի մարզի Դեբեդավանի, Զորականի, Աղավնավանքի, Խաչարձանի, Հովքի գյուղական համայնքների ղեկավարների և ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը, այդ նպատակով ՀՀ ԿԸՀ-ին հատկացրել 4802015, ՀՀ ԿԱ ոստիկանությանը` 707874 դրամ։
Նիստում կառավարությունը հաստատել է Արագածոտնի մարզի Աղձքի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման, նույն մարզի Կոշի, Վայոց ձորի մարզի Զառիթափի և Գետափի գյուղական համայնքների հողերը փոխադրել այլ կատեգորիա` համապատասխանաբար գյուղատնտեսությամբ զբաղվելու, գյուղմթերքների մթերման և վերամշակման արտադրամաս, սննդի օբյեկտ, սննդի և ավտոտեխսպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով։
ՀՀ օրենսդրության համաձայն գործադիրը Երևանի «Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ» ԲԲԸ-ին և «Ռաֆայել» բժշկական կենտրոն» ՍՊԸ-ին երեք տարի գործողության ժամկետով տվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման լիցենզիա։
Կառավարությունը Արմեն Մելքիկյանին երեք տարի ժամկետով նշանակել է Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՀՀ մաքսային կցորդ։