ուրբաթ, 9 ապրիլի 2010
ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ինչպես նաև ՀՀ Սյունիքի, Լոռու, Արագածոտնի, Արարատի, Վայոց ձորի մարզպետները, պաշտոնատար այլ անձինք։
Աշխատանքային այցի շրջանակներում կկայանա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը։ Նախատեսվում է կառավարությունների համատեղ նիստ և այց ԼՂՀ պաշտպանության բանակ ՀՀ պաշտպանության նախարարի հետ։
Ծրագրով նախատեսվում է նաև վարչապետի այց Շուշի, ինչպես նաև տեղական մի քանի ձեռնարկություններ։ ՀՀ կառավարության ղեկավարը կայցելի նաև «Սարսանգ» ՀԷԿ, «Թրղե-2» ՀԷԿ-ի շինհարթակ, ներկա կգտնվի «Թրղե-1» ՀԷԿ-ի և Վերին Հորաթաղի ջրագծի բացման արարողությանը։