շաբաթ, 10 ապրիլի 2010
Տիգրան Սարգսյանի ցավակցական հեռագիրը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Լեհաստանի Հանրապետության իր գործընկերոջը` վարչապետ Դոնալդ Տուսկին։ Հեռագրում ասված է.
«Մեծարգո պարոն վարչապետ,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու և նրա տիկնոջ, ինչպես նաև նրանց ուղեկցող պատվիրակության անդամների ողբերգական մահվան կապակցությամբ։
Մենք ցնցված ենք կատարվածից և կիսում ենք Ձեր վիշտը։ Այս ծանր պահին մխիթարանքի և տոկունության խոսքեր ենք հղում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և եղբայրական լեհ ժողովրդին։
Մաղթում ենք Ձեզ ուժ և կորով այս աղետալի վթարի հետևանքները հաղթահարելու համար»։