հինգշաբթի, 26 հունիսի 2003
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և շահագործման 2003թ. ծրագրին: Ըստ ծրագրի, նախատեսվում է, մասնավորապես, այս տարի իրականացնել միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանում, Պուշկինի լեռնանցքը շրջանցող թունելի շահագործում, ինչպես նաև ճանապարհների ընթացիկ նորոգման աշխատանքներ: Այդ նպատակով «ՀՀ 2003թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի հիման վրա տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացվել է 2 մլրդ 500 մլն դրամ: Հարցի քննարկման ժամանակ առաջարկվել է ծրագրում ներառել նաև գարնանային հեղեղումների պատճառով զգալիորեն վնասված պետական նշանակության ճանապարհները, որոնք մասնագետների կողմից արդեն ուսումնասիրվել և օրերս ներկայացվել են ՀՀ վարչապետին:
Կառավարությունը հաստատել է նաև Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող տրանսպորտի ծրագրի շրջանակներում ավտոճանապարհների վերականգնման աշխատանքների կատարման նպատակով 2003թ. հունիսի 18-ին անցկացված և ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2003թ. հունիսի 25-ին հաստատված մրցույթի արդյունքները՝ հաղթող ճանաչելով «Արգիշտի-1» ՍՊԸ-ին:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը համաձայնություն է տվել «Միջազգային տրանսպորտային միջանցքների ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» հուշագրի կնքման առաջարկությանը:
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 1999թ. ապրիլի 22-ի «Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների պետական հաշվառման կանոնադրությունը հաստատելու մասին» N 259 որոշման մեջ: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նոր վարչական վիճակագրական հաշվետվության ստեղծումով՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի հիման վրա: Հարցի քննարկման ժամանակ նշվել է, որ ներկայումս ավտոտրանսպորտի արտանետումների հաշվառումը թերի է, քանի որ այն հիմնված է ավտոմեքենաների կատարած վազքի մոտավոր, չհիմնավորված տվյալների վրա և ճիշտ հաշվառումը կօգնի ավտոտրանսպորտային արտանետումների նվազեցման ուղղությամբ նպատակային քայլերի կիրառմանը:
Կառավարությունը որոշում է ընդունել «Ավարտված շենքերի, շինությունների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի ձևը սահմանելու մասին»: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածներում կատարված փոփոխություններով, որոնց արդյունքում շենքի, շինության նկատմամբ գույքային իրավունքների գրանցման խնդիրները տարանջատվում են դրանց շահագործման ընդունման և շինարարական նորմերին համապատասխանության խնդիրներից և այդպիսով՝ ավելի պարզեցվում:
Նիստում գործադիրը հավանություն է տվել նաև «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ծայրահեղ դեպքերում բազմաբնակարան շենքերի ժամանակավորապես կամ անորոշ ժամկետով փակ բնակարաններ մուտք գործելու համար իրավական հիմքերի ամրագրման հրամայականով: Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է բնակարաններում ջրամատակարարման ներքին ցանցերի վթարների և անսարքությունների վերացման կարգը:
Նիստում կառավարությունը հաստատել է «ՀՀ 2003թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով Երևանի քաղաքապետարանի, Շիրակի և Արարատի մարզպետարանների ենթակայության թանգարանների, այլ թատրոնների և համերգային կազմակերպությունների սուբսիդավորման նպատակով նախատեսված հատկացումների բաշխումը՝ ըստ առանձին կազմակերպությունների: Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է ՀՀ մարզպետարանների 2003թ. մշակութային միջոցառումների իրականացման գծով պետական պատվերը:
Նկատի ունենալով Մոսկվայի կառավարության և Մոսկվայի քաղաքային դումայի դիմումը և հայ-ռուսական դիվանագիտական բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը, ինչպես նաև Ա. Օպեկուշինի «Եկատերինա երկրորդի արձանի» պատմամշակութային նշանակությունը Ռուսաստանի Դաշնության համար՝ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին համապատասխան, կառավարությունը որոշել է «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված «Եկատերինա երկրորդի արձանը» վերադարձնել Ռուսաստանի Դաշնությանը:
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի համաձայն գործադիրը հաստատել է ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը:
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է կալանավորված անձանց արգելված աշխատանքների և պաշտոնների ցանկը:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական հիմնարկը, վերակազմավորման ձևով, վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպության: Մեկ այլ որոշմամբ, վերակազմավորման ձևով, պետական ոչ առևտրային կազմակերպության է վերակազմակերպվել նաև ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության «Համակարգչային կենտրոն» պետական ՓԲԸ-ն:
Օրակարգում ընդգրկված հարցերից գործադիրը հաստատել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է «պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով իրականացվող պետական պատվերի» ծրագիրը:
«ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան կառավարության անդամները համաձայնություն են տվել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների գանձապետարանի տեխնիկական աջակցության գրասենյակի միջև փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը: Այլ որոշումներով համաձայնություն է տրվել նաև «ՀՀ կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին», «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքում օգտագործվող և ձեռք բերված մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ իրավունքների փոխադարձ պաշտպանության մասին», ինչպես նաև «ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև «Կովկասում սննդապահովման տարածաշրջանային գործակցության և կայունության խթանում» ծրագրի վերաբերյալ համաձայնագրերի կնքման առաջարկություններին:
Նիստում գործադիրը հաստատել է ՀՀ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման: