երկուշաբթի, 12 ապրիլի 2010
Վարչապետը գրառումներ է արել Լեհաստանի դեսպանատանը բացված սգո մատյանում
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության դեսպանություն և ՀՀ կառավարության ու անձամբ իր անունից ցավակցություն հայտնել Լեհաստանի ժողովրդին` Լեհաստանի Հանրապետության նախագահ Լեխ Կաչինսկու և նրա գլխավորած պատվիրակության ավիավթարի ենթարկվելու կապակցությամբ։ Դեսպանատանը բացված սգո մատյանում Տիգրան Սարգսյանը գրել է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու և նրա տիկնոջ, ինչպես նաև նրանց ուղեկցող պատվիրակության անդամների ողբերգական մահվան կապակցությամբ։
Ես ցնցված եմ կատարվածից և կիսում եմ լեհ ժողովրդի վիշտը։ Մաղթում եմ Ձեզ ուժ և կորով այս աղետալի վթարի հետևանքները հաղթահարելու համար»։