երկուշաբթի, 12 ապրիլի 2010
ՀՀ վարչապետը մասնակցել է «Թրղե-1» ՀԷԿ-ի բացման արարողությանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ԼՂՀ աշխատանքային այցի երրորդ օրը սկսվել է Մարտակերտի Վերին Հորաթաղ գյուղում ջրագծի բացմամբ, որից հետո կառավարության ղեկավարը այցելել է Դրմբոնի «Բեյս Մեթալս» ձեռնարկություն, որտեղից և մեկնել է «Սարսանգ» ՀԷԿ։
Այնուհետև Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել «Թրղե-1» ՀԷԿ-ի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ կառավարության անդամներ և մարզպետներ։
«Ամփոփելով այցի արդյունքները` կարող ենք հերթական անգամ արձանագրել. այստեղ գտնվելով ոգեշնչվում և վերալիցքավորվում ենք»,- մասնավորապես, նշել է ՀՀ վարչապետը։ Տիգրան Սարգսյանը կարևորել է ոչ այնքան ՀԷԿ-ի շինարարությունը, որքան դրա շուրջ ձևավորված միջավայրի դերը։
Անդրադառնալով համատեղ ծրագրերին` կառավարության ղեկավարը նշել է, որ դրանց արդյունավետ իրականացումը կնպաստի հայրենադարձության նոր ալիքին։ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ մոտակա հինգ տարում հայրենադարձությունը պետք է դառնա ԼՂՀ-ում իրականացվելիք կարևորագույն ծրագրերից մեկը։
Կիրակի` ուշ երեկոյան, ՀՀ կառավարական պատվիրակությունը վերադարձել է Երևան։