չորեքշաբթի, 14 ապրիլի 2010
Կառավարության ղեկավարն ընդունել է բիոքիմիկոս Աարոն Չեխանովերին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Նոբելյան մրցանակակիր, բիոքիմիկոս Աարոն Չեխանովերին, ով առաջին անգամ է մեր երկրում Երևանի պետական բժշկական համալսարանի հիմնադրման 90-ամյակի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու նպատակով։
Ողջունելով հյուրին, վարչապետը կարևորել է նման այցերը, քանզի դրանք հնարավորություն են տալիս նոր որակի բարձրացնել գիտական համագործակցության մակարդակը։ Կառավարության ղեկավարը գոհունակությամբ է արտահայտվել նաև գիտության ոլորտում նոր մոտեցումների ընդունման ու կիրառման շուրջ։
Հանդիպմանը մասնակցել են նաև «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Ժակլին Կարաասլանյանն ու Ազգային մրցունակության խորհրդի տնօրեն Բեկոր Փափազյանը, ովքեր ներկայացրել են իրենց ղեկավարած հաստատությունները։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, անվանի գիտնականը ներկայացրել է գիտության զարգացման մասին իր պատկերացումները, խոսել մասնագիտական փորձի մասին, որն ըստ նրա, կարող է օգտակար ու կիրառելի լինել նաև մեր երկրում։
Զրուցակիցները կարևորել են համալսարանների դերը, գիտական նորարարության նշանակությունը, գործարար կապերի ակտիվացման մեխանիզմների ստեղծումն ու կիրառումը, ինչպես նաև ուսանողների և գիտնականների փոխայցելությունները։