հինգշաբթի, 26 հունիսի 2003
Հայոց լեզվի և գրականության միջազգային օլիմպիադայի ավարտին, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորել է օլիմպիադայի մրցանակի արժանացածներին և ողջունել առաջին անգամ անցկացվող այդ միջոցառման կազմակերպման առիթով: Իր խոսքում վարչապետը մասնավորապես նշել է.
«Հայոց լեզվի և գրականության միջազգային օլիմպիադայի սիրելի մասնակիցներ, հարգելի կազմակերպիչներ, հյուրեր,
Ես ողջունում եմ ձեզ՝ իր նախադեպը չունեցող այս հրաշալի միջոցառման կապակցությամբ և լիահույս եմ, որ այն կդառնա ավանդույթ ու աշխարհի տարբեր ծայրերից դեպի իրեն կձգի մեր հոյակերտ լեզվի և գրականության բազմաթիվ գիտակների:
Սիրելի երեխաներ, մեր լեզուն, որի արծաթահունչ ելևէջների անհունում է անթեղված բիբլիական մեր ժողովրդի գոյատևման աստվածային գաղտնիքը, գեղեցիկ այս նախաձեռնության՝ միջազգային օլիմպիադայի միջոցով, նոր հնարավորություններ է բացում աշխարհասփյուռ հայորդիների համար՝ հայրենի հողի վրա հաղորդակցվելու մեր ժողովրդի պատմական և մշակութային ժառանգությանը, ազգային արժեքներին:
Դուք, սիրելի երեխաներ, աշխարհի որ ծիրում էլ լինեք, երախտագիտությամբ և խորին ակնածանքով պետք է ձեր ուշադրությունը սևեռեք այնպիսի արժեքների վրա, ինչպիսին մեր անկախությունն է, որի ամրապնդմանը մասնակից պետք է լինենք բոլորս, մեր կարողությունների չափով և անմնացորդ նվիրումով:
Թերևս, ձեզանից շատերը առաջին անգամ են մայր հայրենիքում և այս կարճ ժամանակաընթացքում հնարավոր չէր ըմբռնել հայրենիքի խորին խորհուրդը, բայց համոզված եմ, որ մայրենիի իմացության դրսևորումը կմնա ձեր հիշողության մեջ՝ որպես հայրենիքին տրված առաջին զեկույց, տոգորված հպարտության զգացումով, որովհետև մեր ժողովրդի վաղվա պատմությունը իրավունք չունի նվազ փառավոր լինել, քան երեկ:
Մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորելով օլիմպիադայի մասնակիցներին, մրցանակի արժանացած շնորհալիներին և նրանց ուսուցիչներին, հետագա հաջողություններ եմ մաղթում՝ առաջիկայում մասնակիցների ավելի ստվար շարքեր տեսնելու և մայրենի լեզվից ու գրականությունից խորը և կայուն գիտելիքներ ցուցաբերելու ակնկալիքով»: