հինգշաբթի, 15 ապրիլի 2010
Վարչապետը շնորհավորել է ոստիկաններին մասնագիտական տոնի առթիվ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության 9-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստի բացման արարողությանը։
Ողջունելով ներկաներին` վարչապետը հրապարակել է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ։
Շնորհավորանքի իր խոսքում Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշել է. «Ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ սոցիալական խնդիրները, որ այսօր ծառացած են ոստիկանության աշխատակիցների առաջ, գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում։ Համոզված եմ, որ այն դրական միտումները, որոնք այսօր առկա են ոստիկանության աշխատանքներում, ի վիճակի ենք ամրապնդել։ Հավաստիացնում եմ, որ կառավարությունը ջանք չի խնայի ձեզ համար ստեղծելու աշխատանքի բարենպաստ պայմաններ։ Հարգելի գործընկերներ, ևս մեկ անգամ կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ»։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ ԿԱ ոստիկանության մի շարք ծառայողների հանձնել է ՀՀ նախագահի հրամանագրերով ամրագրված ոստիկանության բարձրագույն կոչումներ և պետական պարգևներ։
Իրավակարգի ամրապնդման ու հանցավորության դեմ պայքարի գործում մեծ ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով են պարգևատրվել համակարգի մի շարք աշխատակիցներ։