երեքշաբթի, 27 ապրիլի 2010
Կառավարության ղեկավարը ներկա է գտնվել Հայաստանում Եվրասիական զարգացման բանկի մշտական ներկայացուցչության բացմանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրասիական զարգացման բանկի միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Եվրասիական զարգացման բանկի գտնվելու պայմանների մասին» համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությանը։ Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահ Իգոր Ֆինոգենովը։ Համաձայնագրով նախատեսվում է Եվրասիական զարգացման բանկի մշտական ներկայացուցչության բացում Հայաստանում։
Ստորագրվել են նաև Համագործակցության հուշագրեր Եվրասիական զարգացման բանկի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, «ՀայՌուսգազպրոմ», «Հարավկովկասյան երկաթուղի», «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-երի հետ։
Շնորհավորելով ներկաներին Համաձայնագրի ստորագրման առթիվ` վարչապետը, մասնավորապես նշել է. «Մենք դարձել ենք Եվրասիական զարգացման բանկի լիիրավ անդամ։ Հիշում եք, որ այս համաձայնագիրը հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության խորհրդարանի կողմից, և մենք նաև մասնակցություն ունենք այս բանկի կապիտալում։ Հուսով ենք, որ այս համաձայնագրերի ստորագրումը նոր ազդակ կհաղորդի մեր փոխհարաբերություններին։ Մենք արդեն նախապատրաստել ենք մի քանի նախագծեր, որոնք ներկայացվել են բանկի ղեկավարության քննարկմանը։ Հարցը, թե ինչպես ակտիվացնել բանկի գործունեությունը, քննարկվում է նաև ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների և ֆինանսների նախարարների մակարդակով։ Գիտեք նաև, որ ԱՊՀ շրջանակներում ստեղծված Հակաճգնաժամային հիմնադրամի օգտագործման օպերատորը նույնպես կլինի Եվրասիական զարգացման բանկը, իսկ դա նշանակում է, որ բանկի գործունեությունը կարող է լինել բազմապլան, բազմաֆունկցիոնալ։ Այդ իսկ պատճառով մենք հատուկ կարևորում ենք այսօրվա իրադարձությունը։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Համաձայնագրի ստորագրման առթիվ»։
Այնուհետև Տիգրան Սարգսյանը և Իգոր Ֆինոգենովը պատասխանել են լրագրողների հարցերին։