հինգշաբթի, 29 ապրիլի 2010
Հստակեցվում են նախարարությունների գործառույթները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ նա դիմել է ներկաներին.
«Մենք ավարտում ենք նախարարությունների գործառույթների հստակեցման աշխատանքը։ Երեկ քննարկեցինք ևս երկու` տրանսպորտի և կապի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների գործառույթները։ Մնաց երեք նախարարություն, և մենք կավարտենք աշխատանքի առաջին փուլը։ Հետո կհաստատենք նախարարությունների նոր կանոնադրությունները և կունենանք արդեն հստակեցված գործառույթներով թարմացված կանոնադրություններ։ Զուգահեռաբար տարվում է բիզնես-գործընթացների նկարագրության աշխատանք։ Առաջինն այն ավարտել ենք մշակույթի նախարարությունում, ինչպես նաև արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայությունում։ Այս աշխատանքի ընթացքում պարզ է դառնում, որ մենք ունենք արդյունավետության բարձրացման խնդիր և կարող ենք շատ գործառույթներից ձերբազատվել, բնականաբար, նաև կարող ենք աշխատատեղեր կրճատել։ Արդյունքում կուտակված ֆինանսական լրացուցիչ միջոցները թողնելու ենք նախարարությունների տրամադրության տակ և ուղղելու ենք պարգևատրման ֆոնդերին։ Սա կարևոր հանգամանք է, որովհետև, ինչպես գիտեք, մենք Համաշխարհային բանկի հետ արդեն ձեռք ենք բերել քաղաքական պայմանավորվածություն առ այն, որ բոլոր ԾԻԳ-երն ինտեգրվելու են նախարարությունների կազմ։ Գաղտնիք չէ, որ ԾԻԳ-երում աշխատավարձերը շատ ավելի բարձր են, քան նախարարություններում, և մենք պետք է ինտեգրման այդ գործընթացն այնպես կազմակերպենք, որպեսզի նախարարությունների լավագույն մասնագետներին կարողանանք ապահովել բարձր վարձատրություն։ Դրա համար անհրաժեշտ է, որ այս աշխատանքը դուք վերցնեք հսկողության տակ, քննարկեք, թե ձեր նախարարությունում որ գործառույթներից կարող եք առաջնահերթ ազատվել և տնտեսած գումարն ուղղել լավագույն աշխատողների կամ պարգևատրմանը, կամ աշխատավարձերի բարձրացմանը։ Այդ աշխատանքը պետք է այս տարվա ընթացքում ավարտենք, որպեսզի նաև կարողանանք ԾԻԳ-երից նոր մասնագետներ ներգրավել նախարարությունների աշխատակազմեր։ Խնդրում եմ այնպես անել, որ մոտակա երեք-չորս ամիսների ընթացքում կարողանանք գալ համաձայնության, թե կոնկրետ ինչքանով կարող ենք կրճատել աշխատատեղերը` այդ գումարները թողնելով ձեր տրամադրության տակ»։
Այնուհետև հաստատվել է նիստի օրակարգը, և կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը։
Սեփականաշնորհվում են փախստականների զբաղեցրած տարածքները
ՀՀ կառավարությունը ընդունել է «1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշումը, որի նպատակը Երևան քաղաքի Վարդաշենի 6-րդ փողոցի N 68 և Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հասցեներում գտնվող հանրակացարաններում ժամանակավորապես բնակվող բազմաթիվ փախստական ընտանիքների բնակարանային, սոցիալ-տնտեսական, ինչպես նաև իրավական երաշխիքների ապահովումն է։ Գործադիրը հաստատել է Երևան քաղաքի Ֆուչիկի 19 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքից ձեռք բերված բնակարաններից բնակարան ստացող անձանց ցուցակը, ՀՀ քաղաքաշինության նախարարին պարտավորեցրել բնակարանների բաշխումը կատարել վիճակահանությամբ և դրա արդյունքով նշված անձանց հետ ՀՀ անունից կնքել նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրեր։
Նիստում կառավարության պահուստային ֆոնդից Տավուշի մարզպետարանին է հատկացվել 13,020.0 հազար դրամ` Վազաշեն գյուղի սողանքային գոտում գտնվող երեք բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով լուծելու նպատակով։
Գործադիրը փոփոխել և լրացրել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, որով ավելի արդյունավետ կդառնա «Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի» գործունեությունը, կհստակեցվեն հոգաբարձուների խորհրդի անդամների և նախագահի ընտրության կարգերը, հիմնադրամի կառավարչի լիազորությունները։
«Պետական գույքի կառավարումը համակարգելու մասին» որոշմամբ կառավարությունը սահմանել է պետգույքի կառավարման սկզբունքները, նպատակները, կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված անհրաժեշտ միջոցները։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է այս որոշումը և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը պարտավորեցրել խորհրդակցություն հրավիրել ՀՀ նախարարությունների աշխատակազմերի ղեկավարների մասնակցությամբ և պարզաբանել որոշման էությունը և պահանջները։
Իր նիստում կառավարությունը ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել է 42,492.1 հազար դրամ, որով նախատեսվում է ապահովել Սևանա լճի ավազանի համայնքների գլխավոր հատակագծերի մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալների անվճար տրամադրումը այդ համայնքներին։
Գործադիրը վերաբաշխում է կատարել 2010թ. պետբյուջեում, փոփոխել իր նախկին որոշումներից մեկը և կապիտալ շինարարության ենթակա օբյեկտի համար նախատեսված գումարից ծավալի կրճատման արդյունքում գոյացած ֆինանսական միջոցներից հատկացում արել «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հատուկ կացարանի կապիտալ նորոգման նպատակով։ Լրացում կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ, կառավարությունը կանոնակարգել է ներմուծողների մոտ 2010թ. հուլիսի 1-ի դրությամբ առկա «2007» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման հետ կապված հարցերը և արգելել այդ ապրանքների իրացումը։ Ընդունվել է նաև ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տեխնիկական օգնություն ցույց տալու որոշում, որի շնորհիվ կկահավորվի և համակարգչային սարքավորումներով կապահովվի Ասկերանի շրջանի ստորաբաժանման գրասենյակը։
Կառավարությունը իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, որը բխում է բուժհաստատությունների ֆինանսավորումը դրանց նախորդ տարիների կատարողականով պայմանավորելու, ֆինանսավորման սահմանաչափերի մասին որոշում կայացնելու չափանիշներ սահմանելու անհրաժեշտությունից։
Գործադիրը 2010թ. հունիսի 23-26-ը Ջերմուկում շախմատի «Գրան պրի» կանանց մրցաշար անցկացնելու նպատակով «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» ՀԿ-ին տրամադրելու համար ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացրել է 30000.0 հազար դրամ։ 10,000.0 հազար դրամ է հատկացվել ՀՀ Ազգային Ժողովին` 2010թ. մայիսի 3-6-ը Երևանում կայանալիք ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանային 23-րդ համաժողովը կազմակերպելու և անցկացնելու նպատակով։
Կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ 2010թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր նախկին որոշումներից մեկի հավելվածում և գումար տրամադրել հորդառատ անձրևների հետևանքով հանրապետության որոշ ճանապարհահատվածներում առաջացած փլուզումներն ու սողանքները վերացնելու, դրանով իսկ անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով։
Կառավարությունը հաստատել է
- Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի դեմ պայքարի 2010-2015թթ. պետական ծրագիրը և դրա կատարումն ապահովող առաջնահերթ միջոցառումների ցանկը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն ակնկալել է խնդրի մանրամասն լուսաբանում մամուլում, առողջ ապրելակերպի տարածում, կառավարության անդամներին կոչ է արել անձնական օրինակով պայքարել ծխելու արատավոր սովորույթի դեմ,
- Արագածոտնի մարզի 2011-2014թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը,
- ՀՀ ԿԱ ոստիկանության արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2010թ. նախահաշիվները,
- Լոռու մարզպետարանի արտաբյուջետային հաշվի միջոցների հաշվին ֆինանսավորվող «Վորլդ Վիժն Ինտերնեշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրի 2010թ. նախահաշիվը,
- «Տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում ու ավագ դպրոցների դասագրքերի հրատարակում», «Ռազմագիտության կաբինետների վերականգնում», «Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակում և տրամադրում» և «Հատուկ դպրոցների համար նախատեսված ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակում և հրատարակում» ծրագրերի 2010թ. ֆինանսավորման չափերը։ Հարցի քննարկման ընթացքում ի հայտ են եկել այլ խնդիրներ ևս, որոնք հստակեցման կարիք ունեն։ Դպրոցական դասագրքերի տպագրության և տարածման հարցում մի շարք թերություններ է արձանագրել ՀՀ վերահսկիչ պալատը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը անհրաժեշտ է համարել այդ բոլոր հիմնախնդիրները քննարկել ՀՀ կրթության և գիտության նախարարությունում, ՀՀ մարզպետարաններում, մասնագետների շրջանում, ներկայացնել ՀՀ հանրային խորհրդի ուշադրությանը և 2011-2012թթ. ուսումնական տարում աշակերտներին տրամադրել ժամանակակից պահանջները բավարարող դասագրքեր,
- պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման պայմանագրի օրինակելի ձևը,
- ՀՀ ստանդարտացման 2010թ. ծրագիրը, «Ստանդարտների մշակման ծառայություններ» 2010թ. ծրագիրը։ ՀՀ վարչապետի դիտարկմամբ մեր խնդիրը ոչ թե ստանդարտների ստեղծումն է, այլ կիրառումը։ Պետք է միջոցներ ձեռնարկել այս ոլորտում արդյունքի հասնելու համար,
- պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների գաղտնիության աստիճանի որոշման, դրանց օգտագործման և դրանց մասին տեղեկությունների հրապարակման կարգը։
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ԿԱ ՊԵԿ կարիքների համար տերմինալների վրա տեղադրվող սարքավորումների տեխնիկական ցուցանիշներին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն ստացել է ՊԵԿ ղեկավարության հավաստիացումը, որ տերմինալները շահագործման կհանձնվեն արդեն այս տարի և ՀՀ քաղաքացիները կկարողանան օգտվել դրանցից։
Նոր օրինագծեր
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունմամբ լուծվում են մի շարք խնդիրներ, որոնք պայմանավորված են համայնքային ծառայության համակարգի ներդրման ու կայացման արդյունավետության բարձրացմամբ։ Կառավարության հավանությունն է ստացել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի կատարման 2009թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Գործադիրը հավանություն է տվել «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում ՀՀ-ում հնարավոր կլինի ներդնել էներգետիկ փորձաքննության ինստիտուտ։
ՀՀ կառավարությունը քննության է առել ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին», «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքերի մասին» օրենքներում լրացումներ կատարելու` օրենքների նախագծերի փաթեթը և հանգել եզրակացության, որ այն չի բխում ՀՀ սահմանադրության պահանջներից, ուստի դեմ է «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու առաջարկին։ Ինչ վերաբերում է «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» օրենքի առաջարկվող լրացմանը, ապա կառավարությունը ևս նախաձեռնել է այդ օրենքի փոփոխություններ և նախագծի հեղինակներին առաջարկել է դրա քննարկմանն անդրադառնալ օրինագիծն ԱԺ ներկայացնելուց հետո։
Կառավարությունը քննարկել է ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել կենսաթոշակ ստացող անձանց շրջանակը, ինչը չի բխում կենսաթոշակային ապահովության ոլորտում կառավարության որդեգրած քաղաքականությունից, ուստի գործադիրը դեմ է ներկայացված նախագծին։
Վերը նշված նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն Ազգային Ժողով։
Այլ հարցեր
ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել Արմավիրի մարզի Նոր Կեսարիայի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու մասին։
Գործադիրը փոփոխություն է կատարել Լոռու մարզի Ղուրսալիի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.1 հա արոտավայրը փոխադրելով այլ նշանակության կատեգորիա քարի վերամշակման արտադրամասի կառուցման համար։
Կառավարությունը երեք տարի գործողության ժամկետով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման լիցենզիա է տվել Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոն», «Նոյեմբերյանի հիվանդանոց», «Սպիտակի բժշկական կենտրոն», «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ներին և Երևանի «Վիկմեդ» էսթետիկ բժշկության կենտրոն» ՍՊԸ-ին։