երկուշաբթի, 3 մայիսի 2010
Վարչապետը կարևորում է Սիլիկոնային հովտում Հայաստանի ներկայացուցչության հիմնումը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ամերիկյան “Plug and Play” համակարգչային ընկերությունների ինկուբատորի գործառնական տնօրեն Քեյվան Բարումանդիին։ Հիշեցնենք, որ կառավարության ղեկավարը 2009 թվականի նոյեմբերին «Արմթեք-2009» համաժողովի շրջանակներում այցելել էր “Plug and Play” համակարգչային ընկերությունների ինկուբատոր և ծանոթացել նրա ծրագրերին ու հնարավորություններին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես, ՏՏ և Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։
Որպես համագործակցության ընդլայնման հեռանկարային ուղղություններ` զրուցակիցները կարևորել են Հայաստանում “Plug and Play” ընկերության մասնաճյուղի բացումը և գործունեության կազմակերպումը։ Առանձնակի կարևորություն է տրվել Սիլիկոնային հովտում հայաստանյան բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցչության հիմնադրման ծրագրին։ Ծրագրի նպատակն է` խթանել հայ-ամերիկյան համագործակցությունը ՏՏ ոլորտում և լայն հնարավորություններ ստեղծել ներդրումների, պատվերների ներգրավման, ինչպես նաև արտադրանքի իրացման համար։
Փոխադարձաբար ընդգծվել է, որ ՏՏ ոլորտի մասնագետների և ընկերությունների երկկողմ հանդիպումների կազմակերպումը կարող է նպաստել կապերի սերտացմանը։
“Plug and Play” ընկերության գործառնական տնօրենն անհրաժեշտ է համարել կրթության ոլորտում համագործակցության խորացումը։ Նա կարևորել է մասնավորապես Սթենֆորդի համալսարանի հետ ուսանողների փոխանակության ծրագրերի համար պլատֆորմի ձևավորումը։