ուրբաթ, 26 հունվարի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Համեդ Հասանին:
Վարչապետը շնորհավորեց դեսպանին Հայաստանում դիվանագիտական աշխատանքի անցնելու կապակցությամբ: Նշելով, որ Հայաստանի ու Սիրիայի բարեկամությունը դարավոր պատմություն ունի, Անդրանիկ Մարգարյանը հույս հայտնեց, որ դեսպանի հետ համատեղ աշխատանքը կնպաստի երկու երկրների և ժողովուրդների բարեկամական փոխհարաբերությունների առավել սերտացմանը:
Համեդ Հասանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին փոխանցեց Սիրիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ դոկտոր Մուհամմեդ Մուստաֆա Միրոյի ջերմ ողջույններն ու բարի ցանկությունները և հանձնեց վարչապետի պաշտոնական նամակը՝ երաշտի կապակցությամբ Հայաստանին մարդասիրական օգնություն՝ 10 հազար տոննա հացահատիկի սերմացու և 500 տոննա կարտոֆիլի տնկանյութ հատկացնելու մասին:
Անդրանիկ Մարգարյանն իր երախտագիտությունը հայտնեց Սիրիայի վարչապետին՝ Հայաստանի համար ծանր իրավիճակում այդ շատ էական օգնության համար, նշելով, որ Սիրիան առաջին երկրներից մեկն էր, որ գործնականորեն արձագանքեց բնական աղետի հետևանքների վերացմանն աջակցելու՝ Հայաստանի կառավարության խնդրանքին: Վարչապետը շնորհակալություն հայտնեց նաև հատկացված մարդասիրական օգնությունը սիրիական նավերով մինչև Փոթիի նավահանգիստը հասցնելու ծախսերը հոգալու, մինչև Հայաստան բեռների փոխադրման գործին աջակցելու՝ Սիրիայի կառավարության պատրաստակամության համար:
Հանդիպման մասնակիցները հավաստեցին, որ երկու երկրների առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցությունն առավել լայն թափ է ստացել վերջին երկու տարիներին, միաժամանակ նշելով, որ այն դեռևս զարգացման մեծ հնարավորություններ ունի: Այդ տեսակետից կարևորվեց հայ-սիրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստի անցկացումը Սիրիայում, որն, ըստ Անդրանիկ Մարգարյանի, նոր աստիճանի կբարձրացնի երկու երկրների տնտեսական համագործակցության մակարդակը: