հինգշաբթի, 13 մայիսի 2010
FAO-ի գլխավոր տնօրենի հետ քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր տնօրեն Ժակ Դիուֆին։
Ողջունելով հյուրին` կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և ՊԳԿ-ի միջև ծավալված արդյունավետ համագործակցությունը և նշել, որ Հայաստանը շահագրգռված է դրա խորացմամբ։
Անդրադառնալով առաջիկա համատեղ ծրագրերին` զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցության խորացումը գյուղատնտեսական միջոցների` (սերմեր, թունաքիմիկատներ) արտադրության, գյուղատնտեսական, մասնավորապես ոռոգման և պահեստավորման ենթակառուցվածքների զարգացման և շուկայավարման համակարգի ստեղծման ուղղությամբ։
Վարչապետը կարևորել է ՊԳԿ-ի փորձագետների մասնակցությունը գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից կազմակերպվող հանրային քննարկումներին։ Այս համատեքստում ՊԳԿ-ի գլխավոր տնօրենը ներկայացրել է միջազգային փորձը։
Երկուստեք ընդգծվել է գյուղերի զարգացման համալիր ծրագրերի իրականացման կարևորությունը, որոնք կնպաստեն գյուղատնտեսության ապակենտրոնացմանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել 2010 թ. մայիսի 10-14-ին Երևանում անցկացվող ՊԳԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային 27-րդ համաժողովի աշխատանքներին։ ՊԳԿ-ի գլխավոր տնօրենը շնորհակալություն է հայտնել համաժողովը հավուր պատշաճի կազմակերպելու համար։