երեքշաբթի, 18 մայիսի 2010
ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակել երկու երկրների միջև գիտական կապերի սերտացմանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Միխաիլ Մյասնիկովիչի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։
Ողջունելով հյուրերին` գործադիրի ղեկավարը նշել է, որ կառավարությունը պատրաստ է օժանդակել երկու երկրների միջև գիտական համագործակցության խորացմանը։
Միխաիլ Մյասնիկովիչը գոհունակությամբ է խոսել Հայաստանի և Բելառուսի Ակադեմիաների միջև համագործակցության ընթացքի մասին։ Նա ներկայացրել է Բելառուսի Ակադեմիայի գործունեությունը և գիտության զարգացման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը։
Քննարկվել են փոխշահավետ համագործակցության խորացման հեռանկարները։ Առանձնակի ուշադրության են արժանացել դեղերի արտադրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տիեզերական տեխնոլոգիաների և բիոտեխնոլոգիաների, միկրոէլեկտրոնիկայի և օպտիկայի ոլորտները։ Փոխադարձաբար ընդգծվել է գիտության զարգացման մեջ նորարարության և գիտական նվաճումների կիրառման անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում Տիգրան Սարգսյանը կարևորել է բելառուսական փորձի կիրառումը Հայաստանում։