հինգշաբթի, 3 հուլիսի 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական ընկերակցության գլխավոր քարտուղար Գրիգորի Ռապոտային:
Կարևորելով տարածաշրջանային ինտեգրացման և Եվրասիական տնտեսական ընկերակցության երկրների հետ գործակցության զարգացման հեռանկարները, վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է շարունակելու դիտորդի կարգավիճակով իր համագործակցությունը այդ ընկերակցության շրջանակներում: Միաժամանակ, նկատի ունենալով Հայաստանի՝ նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ լինելու հանգամանքը, նա ընդգծել է, որ այդ գործակցությունը հնարավոր է զարգացնել մեր երկրի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունների սահմաններում:
Պարոն Գրիգորի Ռապոտան վարչապետին ներկայացրել է Եվրասիական տնտեսական ընկերակցության կառուցվածքը, անդամ երկրների միջև գործող փոխադարձ պարտավորությունների համակարգը, տնտեսական զարգացման ծրագրերն ու դրանց հեռանկարները՝ որպես գլխավոր ուղղություններ նշելով, մասնավորապես, էներգետիկայի, տրանսպորտի, ծանր արդյունաբերության ոլորտները, միասնական տնտեսական և իրավական դաշտի ստեղծումը: Ընկերակցության գլխավոր քարտուղարը տեղեկացրել է նաև, որ անդամ երկրների միջև գործարարության զարգացման նպատակով ստեղծվել է «Գործնական խորհուրդ» ասոցիացիան և հրավիրել է մեր երկրին՝ անդամակցելու ոչ առևտրային հասարակական այդ կազմակերպությանը: Վարչապետն ընդունել է հրավերը և խոստացել քննարկել ու առաջարկել ասոցիացիայում Հայաստանի ներկայացուցչի թեկնածությունը:
Հանդիպման ավարտին կողմերը մեկ անգամ ևս հավաստել են Եվրասիական տնտեսական ընկերակցության շրջանակներում համագործակցությունը շարունակելու իրենց պատրաստակամությունը, ընդգծելով, որ այդ ճանապարհին կարևոր խնդիրներից մեկը միմյանց տնտեսական զարգացման հնարավորությունների ուսումնասիրումն ու միջազգային այլ կառույցներին անդամակցության դեպքում մոտեցումների համադրումն է: