շաբաթ, 22 մայիսի 2010
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ժամանակ
Ազգային ժողովի հարգելի նախագահ,
Հարգելի պարոն Մինասյան
Հարգելի գործընկերներ,
Ինչպես նշվեց, ես կփորձեմ մի քանի գնահատական տալ 2009թ. դժվարին տնտեսական տարվա իրականացված միջոցառումների արդյունքների վերաբերյալ: Հետագայում իմ գործընկերները մանրակրկիտ կներկայացնեն ձեզ 2009թ. բյուջեի կատարողականի ցուցանիշները և այն գործընթացները, որոնք մենք կառավարել ենք բյուջեով:
2009 թվականը մեր տնտեսական և ֆինանսական համակարգերի կայունության ստուգման ժամանակահատված էր: Այս ընթացքում էր, որ ընդունվեցին ոչ ստանդարտ որոշումներ, որոնք թելադրված էին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով: Անհրաժեշտություն ծագեց ճշգրտել կառավարության կողմից կիրառվող մեթոդները և գործիքակազմը` նոր տնտեսական իրողություններին համահունչ դարձնելու նպատակով:
Ինչպես Ձեզ հայտնի է, Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը սկսեց ներգործել դեռևս 2008 թվականի հոկտեմբեր ամսից, իսկ անկումն իր գագաթնակետին հասավ 2009թ. հուլիս ամսին: Տեղին է նշել, որ տնտեսական այս իրավիճակում իր բացասական դերակատարումն ունեցավ նաև մեր տնտեսության նախաճգնաժամային ՀՆԱ կառուցվածքը, որտեղ կապիտալ շինարարությանը բաժին էր ընկնում ՀՆԱ 27 տոկոսը, իսկ այդ մասնաբաժնի 61 տոկոսը, կամ ՀՆԱ 16.4 տոկոսն, իր հերթին, բաժին էր ընկնում ոչ արտադրողական համարվող բնակարանային շինարարությանը: Ընդ որում, բնակարանային շինարարության 75 տոկոսն իրականացվում էր մասնավոր ներդրումների հաշվին, որոնք գալիս էին հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից: Արդյունքում երկիր ներհոսող մասնավոր տրանսֆերտների ծավալի կտրուկ կրճատման և անշարժ գույքի նկատմամբ հետաքրքրության անկման պարագայում` կապիտալ շինարարությունը նվազեց ավելի քան 40 տոկոսով` ապահովելով 2009թ. 14.2 տոկոս տնտեսական անկման 11 տոկոսային կետը, իսկ զուտ անուղղակի հարկերի անկումը, որը երկրորդ տեղում էր ՀՆԱ անկման նպաստման չափով` 2 տոկոսային կետ: Այսինքն, այս երկու գործոնները հիմնականում պայմանավորեցին մեր 14.2 տոկոս տնտեսական անկումը:
Հիմնական դասերը, որ մենք քաղեցինք, հետևյալն էին. առաջին` տնտեսության դիվերսիֆիկացման ցածր աստիճանը ավելի խոցելի է դարձնում մեր տնտեսական համակարգը, և ՀՆԱ կառուցվածքից ելնելով, որտեղ շինարարության ոլորտն ուներ չափազանց բարձր տեսակարար կշիռ, և իր լրջագույն հարվածը հասցրեց (և դա նշանակում է, որ դիվերսիֆիկացման միջոցով մենք պետք է կարողանանք ապագայում չեզոքացնել բացասական գործոնը) և երկրորդ, զուտ անուղղակի հարկերի տեսակարար կշռի 20 տոկոսանոց նվազումն էր 2009թ. ընթացքում, ինչը խոսում է հարկային վարչարարության բարելավման անհրաժեշտության մասին, որպեսզի մենք կարողանանք ապահովել այլ ոլորտների զարգացման բարենպաստ բիզնես միջավայր և հավասար մրցակցային պայմաններ:
2008 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովին ներկայացվեց կառավարության հակաճգնաժամային ծրագիրը: Ընդհանուր առմամբ այն ենթադրում էր մակրոտնտեսական և ֆինանսական հատվածի կայունության, ինչպես նաև տնտեսական աճն ապահովելու լրացուցիչ խթանների բացահայտում և ներդրում:
Մակրոտնտեսական կայունության ապահովման համար 2009 թվականին կառավարության գրեթե բոլոր նախաձեռնությունները հետապնդել են նվազող հարկային եկամուտների պարագայում հարկաբյուջետային քաղաքականությունն ընդլայնելու ուղղվածություն` նպատակ հետապնդելով հակազդել արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ազդեցություններին և պահպանել տնտեսության գործարար ակտիվությունը: Նշված քաղաքականության իրականացմամբ պայմանավորված 2009 թվականի բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ում կազմեց 7.4 տոկոս: Սա պատմականորեն վերջին 10 տարիների համար ամենաբարձր ցուցանիշն էր, որը նշանակում է, որ մենք որդեգրել ենք քաղաքականություն, որը ենթադրում է, որ պետությունը չպետք է կրճատի իր ծախսերը: Արդյունքում մենք ներգրավեցինք ֆինանսական միջոցներ` մեծացնելով մեր արտաքին պարտքը և դրա հաշվին կատարեցինք պետության ստանձնած բոլոր սոցիալական պարտավորությունները: Այս պայմաններում մեզ հաջողվեց կենսաթոշակներն ավելացնել 16, իսկ միջին աշխատավարձը` 11 տոկոսով: Չնայած տնտեսական անկմանը և որպես հետևանք` հարկային եկամուտների կրճատմանը, մեզ հաջողվեց կատարել բոլոր սոցիալական պարտավորությունները և որոշակիորեն մեղմել ճգնաժամի հետևանքով առաջացած սոցիալական լարվածությունը: Այսպես, 2009թ. ընթացքում կենսաթոշակային ապահովությանն ուղղված միջոցները կազմեցին 177.5 մլրդ դրամ, կամ 2008թ. համեմատությամբ՝ 16 տոկոսով ավելի:
Վարկային միջոցների ներգրավում
Ճգնաժամային ծրագրերը կյանքի կոչելու նպատակով կառավարությանը հաջողվեց դոնորների հետ տարված աշխատանքի արդյունքում ներգրավել հետևյալ վարկային միջոցները.
• Համաշխարհային բանկի կողմից տրամադրվել է շուրջ 760 մլն ԱՄՆ դոլար, որից 2009թ. ստացվել է մոտ 350 մլն-ն,
• Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության շհորհիվ տնտեսության մեջ ներարկվեց 500 մլն ԱՄՆ դոլար,
• Ասիական զարգացման բանկից ստացվեց 80 մլն ԱՄՆ դոլարի բյուջետային աջակցություն,
• Եվրամիության հետ շարունակական բանակցության արդյունքում հստակ պայմանավորվածություն ձեռք բերվեց 100 մլն եվրոյի բյուջետային աջակցության վերաբերյալ,
• ՌԴ-ից ներգրավվեց ևս 500 մլն ԱՄՆ դոլար` հակաճգնաժամային միջոցառումները ֆինանսավորելու նպատակով:
Այսպիսով, 2009 թվականի արդյունքներով ՀՆԱ-ի նկատմանբ արտաքին պարտքի ցուցանիշը կազմում է 36 տոկոս, 2008թ. 13.2 տոկոսի դիմաց, որն, ի դեպ, ծառայեց որպես «բարձիկ» կառավարության կողմից հակացիկլիկ քաղաքականության իրականացման համար:
Հակաճգնաժամային ծրագրի ուղղությունները
Կառավարության հակաճգնաժամային ծրագրի տրամաբանությունն ունի երկու պարզ և հասկանալի ուղղություն.
1. Ենթակառուցվածքների նախագծերի իրականացում, որը կարճաժամկետ ժամանակահատվածում ստեղծում է նոր աշխատատեղեր և նպաստում ՀՆԱ աճին, տնտեսական ակտիվության պահպանմանը, իսկ երկարաժամկետում նպաստում է տնտեսության ընդհանուր արդյունավետության բարձրացմանը և արտադրողականության աճին` ստեղծելով երկարաժամկետ տնտեսական աճի կայուն հիմքեր:
2. Բիզնես միջավայրի բարելավում, ՓՄՁ և համակարգաստեղծ ձեռնարկությունների օժանդակություն:
Եվ այսպես, 2009թ. ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ կատարվել են հետևյալ աշխատանքները.
• 2009 թվականին հանրապետությունում ընդհանուր առմամբ վերանորոգվել է 411 կմ ճանապարհահատված` 2008 թվականի 163 կմ դիմաց: Մասնավորապես, պետական բյուջեի հաշվին նորոգվել է 112 կմ, իսկ 299 կմ` ներգրավված վարկային միջոցների հաշվին:
• Խմելու ջրի ոլորտում 2009 թվականի ընթացքում իրականացված ներդրումային ծրագրերի արդյունքում ապահովվել է 350 կմ-ից ավելի ջրագծերի, 100-ից ավելի կարգավորիչ ջրամբարների, 50-ից ավելի պոմպակայանների կառուցման և նորոգման աշխատանք: Սրան զուգահեռ իրականացվել են 5000-ից ավելի անհատական տնային միացումների աշխատանքներ, իսկ ոռոգման ոլորտում իրականացված ներդրումային ծրագրերի շնորհիվ ապահովվել է 50 կմ-ից ավելի ջրագծերի կառուցման և վերանորոգման աշխատանք: Ընդհանուր առմամբ խմելու և ոռոգման ջրի պայմանների բարելավման նպատակին հատկացվել է շուրջ 16 մլրդ դրամ:
• 2010 թվականի ապրիլին վերակառուցումից հետո շահագործման հանձնվեց Երևանի ՋԷԿ-ը, որը 2.5 անգամ ավելի քիչ բնական գազ է ծախսում` կրճատելով էլեկտրաէներգիայի ինքնարժեքը: Սա հնարավորություն տվեց գազի թանկացման պարագայում անփոփոխ թողնել էլեկտրաէներգիայի սակագները և էապես մեծացնել մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալը:
• ՀՀ 2009 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին ՀՀ քաղաքաշինության նախարարության և մարզպետարանների պատվերով իրականացվել է 266 օբյեկտի հիմնանորոգման և կառուցման աշխատանք 17 մլրդ դրամի չափով, որից 14 մլրդ դրամ գումարով 227 կրթական օբյեկտ:
• 2009 թվականին կառուցվել են Գյումրի քաղաքում 1056 բնակարանից բաղկացած 22 բազմաբնակարան շենք և Սպիտակ քաղաքում` 220 բնակելի տուն: Պետական բյուջեի միջոցներով ավարտվել են Ստեփանավան քաղաքի 3 բազմաբնակարան շենքերի կառուցումը, Մարալիկի N34 շենքի 20 բնակարանների շինարարությունը: Կառուցված բնակարանների հատկացմամբ լուծվել է Ստեփանավան և Մարալիկ քաղաքներում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած համապատասխանաբար 42 և 20 ընտանիքների բնակարանային խնդիրը: «Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագրով տրամադրված վկայականների միջոցով 63 ընտանիք լուծել է իր բնակարանի խնդիրը: Աղետի գոտու շինարարության համար ընդհանուր առմամբ հատկացվել է շուրջ 25 մլրդ դրամ:
Գործարար միջավայրի բարելավում
Գործարար միջավայրի բարելավման և իրական հատվածի ուղղությամբ իրականացվել են հետևյալ աշխատանքները.
Հարկային և մաքսային ոլորտ
• Գործարար աշխարհի համար, մասնավորապես ՓՄՁ-ի, 2009 թվականի ընթացքում էապես հեշտացվել են հարկային վարչարարության կանոնները, որոնք նախատեսում են ԱԱՀ հարկման շեմի բարձրացում մինչև 58.3 մլն դրամ` նախկին 3 մլն դրամի փոխարեն: Հարկ է նշել, որ այս նոր ռեժիմից ՀՀ-ում օգտվում են ավելի քան 30 հազար տնտեսվարողներ: Փոքր և միջին ձեռնարկությունների հարկային հաշվետվության վարման կանոնները պարզեցվել են` մինչև 100 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունների համար հաշվապահական հաշվառման վարումը հարկային հաշվառման կանոնակարգով պարզեցնելու միջոցով:
• ԱԱՀ ամսական հաշվետվության ներկայացման պահանջի վերացում` եթե շրջանառությունը փոքր է 100 մլն դրամից` նախկին 60 մլն փոխարեն: Վերոհիշյալ միջոցառումները էապես խնայեցին գործարարների ժամանակը և կնվազեցնեն հարկային մարմինների հետ շփման գործարքային ծախքերը:
• «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածում նշված ապրանքախմբերի ներմուծման ժամանակ ԱԱՀ վճարման հետաձգում մինչև 3 տարի ժամկետով, եթե այն գերազանում է 300 մլն դրամը: ՀՀ կառավարության կողմից արդեն իսկ հավանություն է ստացել 7 ներդրումային ծրագիր: Ընդհանուր առմամբ նշված ներդրումային ծրագրերով իրականացվում է մոտ 17.5 մլրդ դրամի ներդրում, ինչը հնարավորություն կտա տնտեսության տարբեր ոլորտներում ստեղծել մոտ 500 նոր աշխատատեղ:
• 2009 թ. ընթացքում արտահանող ընկերություններին վերադարձվել է շուրջ 18.7 մլրդ դրամի ԱԱՀ գումար : Նշված ռեսուրսները աջակցել են տնտեսավարող սուբյեկտներին դիմակայելու ֆինանսատնտեսական ճգնաժամը և հետագա արդյունավետ գործունեություն ծավալելու լուրջ խթան են հանդիսանում:
• Էապես կրճատվել են մի շարք ապրանքատեսակների արտահանման համար պահանջվող փաստաթղթերն ու ընթացակարգերը: Կրճատվել է ներմուծման պահին պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների ցանկը` 65-ից նվազեցնելով 16-ի, ինչը էականորեն խնայում է գործարարների ժամանակը:
Թվարկված միջոցառումները նպաստեցին, որ Հայաստանի Հանրապետությունում բարելավվի 2009 թվականի բիզնես միջավայրը, և Համաշխարհային բանկի «Doing bussiness»-ի չափանիշները ՀՀ-ում բարելավվեցին 7 կետով։ Մենք 50-րդից տեղափոխվեցինք 43-րդ տեղը։
Տնտեսության իրական հատված
• 2009 թվականին «Գյուղատնտեսության հողօգտագործողներին պետական աջակցություն» ծրագրով ընդհանուր առմամբ հացահատիկային մշակաբույսերի համար բարձր լեռնային համայնքներին ցուցաբերվել է 1.57 մլրդ դրամի աջակցություն, որի շնորհիվ հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունը ավելացել է 14.3 տոկոսով:
• Տնտեսության զարգացմանը նպաստող ծրագրերի աջակցության օպերատիվ շտաբում քննարկված և տարբեր աղբյուրներից աջակցություն ստացած ծրագրերի ընդհանուր գումարը կազմել է 39 մլրդ դրամ: Ընդ որում, այս բոլոր գումարների վերաբերյալ որոշումները, նախագծերը տեղադրված են կառավարության էլեկտրոնային կայքում և գտնվում են նաև հանրության հսկողության տակ:
• Օպերատիվ շտաբի որոշմամբ 5 կառուցապատողների 2009 թվականին նաև տրամադրվել է մոտ 3.5 մլրդ դրամ բյուջետային երաշխիք: Նշված 5 կառուցապատողների շենքերի ավարտվածության աստիճանը մինչև բյուջետային երաշխիքի տրամադրումը կազմել է 70 տոկոս, իսկ երաշխիք ստանալուց հետո` 95 տոկոս: Նշված ընկերություններից մեկը ավարտել է իր շինարարական աշխատանքը: Պետական երաշխիքի տրամադրման շնորհիվ նշված կազմակերպությունները ապահովեցին մոտ 450 աշխատատեղ:
• ՌԴ 185 մլրդ դրամ վարկից բաշխված է մոտ 163 մլրդ դրամը, որից 50 մլրդ դրամն ուղղվել է աղետի գոտու շինարարությանը, իսկ մոտ 113 մլրդ. դրամը` տնտեսության վարկավորմանն ու աջակցությանը, որից փաստացի ֆինանսավորվել է ավելի քան 96 մլրդ դրամ: Ընդ որում, նշված գումարներից 20 մլրդ դրամ ուղղվել է փոքր և միջին ձեռնարկություններին, իսկ ավելի քան 32 մլրդ դրամով խթանվել է արտահանումը` մթերող-վերամշակող, ենթակառուցվածքներ ապահովող ձեռնարկություններին տրամադրվող վարկերի միջոցով, որն իրականացվում է Կենտրոնական բանկի, Հայ-գերմանական հիմնադրամի խողովակի միջոցով:
• Հարկ է նշել նաև, որ նշված 32 մլրդ դրամն արդեն ամբողջությամբ մարվել է: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ մասնավոր հատվածին ռուսական վարկի միջոցները տրամադրվել են ավելի բարձր տոկոսադրույքներով, քան դրանք ներգրավվել էին ՌԴ կողմից: Եվ դա նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունից ստացված վարկի զգալի բեռը չի ծանրանալու բյուջեի վրա, այլ սպասարկվելու է մասնավոր հատվածի կողմից: Միևնույն ժամանակ, մասնավոր հատվածի համար դա ավելի էժան և հասանելի ռեսուրս է, ինչը նպաստել է նաև տոկոսադրույքների նվազմանը, վարկային ռեսուրսների հասանելիության ավելացմանը: Բացի այդ, մենք Կենտրոնական բանկում ձևավորել ենք կայունացման ֆոնդ, որը նույնպես ապահովել է եկամտաբերություն մեր միջոցների համար, և դա նպաստում է մեր արտաքին պարտքի կառավարման բարձր արդյունավետությանը:
• Բնակչության սոցիալական հիմնախնդիրների լուծման, ինչպես նաև շինարարության ոլորտի աշխուժացման նպատակով հիմնվել է «Ազգային hիպոթեքային ընկերություն» ՈՒՎԿ-ն, որն արդեն իսկ վերաֆինանսավորել է 4.4 մլրդ դրամի հիփոթեկային վարկեր: Երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով որոշվել է պետության կողմից մասնակիորեն սուբսիդավորել հիպոթեքային վարկերի տոկոսադրույքները, որի նպատակն է խթանել երիտասարդներին մատչելի բնակարան՚ների ապահովումը և կատարել ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի կարևորագույն դրույթներից մեկը:
Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության գնահատման համար կարևոր է ՀՀ բանկերի կողմից տնտեսության վարկավորման ցուցանիշը: Այսպես, չնայած ՀՆԱ նվազմանը, 2009թ. տնտեսության վարկավորումն աճել է ավելի քան 16 տոկոսով և կազմել 735 մլրդ դրամ: Սա բացառիկ ցուցանիշ է ինչպես ԱՊՀ երկրներում, այնպես էլ ըստ համաշխարհային ֆինանսական համադրումների: Առաջին հերթին դա բացատրվում է նրանով, որ մեր բանկերը լավ նախապատրաստված էին տնտեսական ճգնաժամի այս իրավիճակին, ունեին կապիտալացման և լիկվիդայնության բարձր մակարդակ, և ի տարբերություն այլ պետությունների մենք առևտրային բանկերին ոչ մի լումա օժանդակություն չենք տրամադրել` իրենց խնդիրները լուծելու համար, ավելին, բանկերը թույլ են տվել մեզ մեղմել ճգնաժամի բացասական հետևանքները:
Տնտեսական աճի կայուն հիմք
Գյուղատնտեսությանը տրամադրված գործող վարկերը կազմել են 44.1 մլրդ դրամ` 2008 թվականի 36.5 մլրդ դրամի դիմաց,ապահովելով 21 տոկոս աճ:
Այսպիսով, կարելի է փաստել, որ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները ստեղծել են ՀՀ տնտեսական աճի վերականգնման կայուն հիմքեր, ինչը որ նպատակադրել էինք:
Արդյունքում, 2009 թվականի առաջին կեսին նկատվող տնտեսական անկման արագ տեմպը հնարավոր եղավ դանդաղեցնել և բավականին նպաստավոր հիմքեր ստեղծել արդեն 2010 թվականի տնտեսական աճի համար:
Կառավարության իրականացրած հակաճգնաժամային միջոցառումների շնորհիվ 2009 թ. սեպտեմբերին գրանցված 18.3 տոկոս անկումը տարեվերջի դրությամբ հաջողվեց իջեցնել մինչև 14.2 տոկոս, իսկ այս տարվա ապրիլ ամսվա դրությամբ մենք արձանագրեցինք 7.2 տոկոս տնտեսական աճ: Հատկանշական է, որ այս ցուցանիշը հիմնականում պայմանավարված է արդյունաբերության ոլորտի 12.9 տոկոսանոց աճով, ինչը վկայում է կառավարության 2009 թ. տնտեսության կառուցվածքի բարելավման ուղղությամբ իրականացրած հետևողական քայլերը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2-րդ եռամսյակի ավարտին մնացել է 1 ամիս, հարկ եմ համարում անդրադառնալ նաև 2010 թվականի կատարման ընթացքում գտնվող ծրագրերին.
• Աշնանը շահագործման կհանձնվի նաև Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը` մոտ 450 մլն ԱՄՆ դոլար արժեքով, որի ամբողջ արտադրված էլեկտրաէներգիան կուղղվի արտահանմանը` այդպիսով բարելավելով առևտրային հաշվեկշիռը:
• Շարունակվում են նոր ատոմակայանի կառուցման ուղղությամբ աշխատանքները, և առաջիկա ամիսներին պատրաստ կլինի ծրագրի կառավարչի կողմից պատրաստված տեխնիկատնտեսական հիմնավորումը:
• Աղետի գոտում այս տարի կներդրվի 24 մլրդ դրամ և շահագործման կհանձնվի ևս 1600 բնակարան:
• Հյուսիս-հարավ ավտոտրանսպորտային միջանցքի կառուցման ծրագրով դրա տեխնիկատնտեսական հիմնավորման հաշվետվության հիման վրա, արդեն ավարտվում է առաջին հատվածի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստումը: Այս տարվա ընթացքում կիրականացվի առնվազն 50 միլիոն դոլարի աշխատանք:
• Հյուսիս- հարավ երկաթգծի շինարարության նպատակով շարունակվում են աշխատանքները ներդրողների հետ, և 2010թ. մենք կհայտարարենք բուն աշխատանքի սկիզբը:
• Շարունակվում են 25 մլրդ դրամ արժողությամբ ծրագրերը ոռոգման, ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառներում, ինչը կբարձրացնի գյուղատնտեսության մրցունակությունը: Նշենք, որ այս գումարը 50 տոկոսով բարձր է 2009 թ. նույն ցուցանիշից:
• Հոկտեմբերին կավարտվի Տաթևի վանական համալիրի վերականգնման և տարածաշրջանի տուրիստական գրավչությունը բարձրացնելու ծրագիրը, որը լուրջ խթան կհանդիսանա տուրիզմի զարգացման համար:
Ավարտելով խոսքս, ցանկանում եմ նշել, որ այս բոլոր ծրագրերի իրականացման մեջ իր կարևոր դերակատարումն ունեցավ նաև ՀՀ Ազգային ժողովը, որը օժանդակել է մեզ ոչ միայն մեր ներկայացրած օրենսդրական փաստաթղթերն ընդունելով, այլ նաև ինչպես միջազգային վարկային համաձայնագրերի վավերացմամբ, այնպես էլ հանդես գալով իր սեփական նախաձեռնություններով, որոնք ունեին հակաճգնաժամային բովանդակություն և որոնք մենք ձեզ հետ միասին իրականացրել ենք:
Շնորհակալություն ուշադրության համար: