չորեքշաբթի, 26 մայիսի 2010
Այգեգործության ոլորտի զարգացումը նոր աշխատատեղեր բացելու հնարավորություն է տալիս
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ` «Թամարա ֆրուտ» ՓԲԸ օրգանիկ այգիների ստեղծման ծրագրի իրականացման ընթացքին ծանոթանալու նպատակով։ «Թամարա ֆրուտ» ՓԲԸ-ն մեկն է այն մասնավոր ընկերություններից, որին կառավարության հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում օպերատիվ շտաբի շնորհիվ հատկացվել է 300 մլն դրամ սուբսիդիա` օրգանիկ այգիների ստեղծման համար։ Դրանից արդեն ծախսվել է մոտ 170 մլն. դրամ։
Ծրագրով նախատեսվել է ընկերության արտադրական և այգեգործական բազայի հիման վրա ձևավորել ազնվամորու, մոշի, սև և կարմիր հաղարջի բարձր բերքատու օրգանիկ տնկարան, որը երկու տարվա ընթացքում կապահովի 450.000 տնկի։ Դրանք կբավարարեն ծրագրով նախատեսված ոչ միայն 60, այլև 65-70 հա այգիների ստեղծման համար։ Սա ենթադրում է, որ մինչ ծրագրի ավարտը հանրապետությունում կստեղծվի շուրջ 600 աշխատատեղ։
Ծրագրի մեկնարկից հետո, 2009 թ.-ի ընթացքում շուրջ 20 հա տարածքով օրգանիկ այգիներ են ստեղծվել Վայոց ձորի, Կոտայքի և Տավուշի մարզերում։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Ազատամուտ համայնքի օրգանիկ այգի, շրջել այնտեղ, ծանոթացել պայմաններին և ձեռքբերումներին։ Կառավարության ղեկավարը հանձնարարել է, որ բոլոր մարզպետները գյուղատնտեսության նախարարություն ներկայացնեն գյուղացիական տնտեսությամբ զբաղվող այգեգործների ցանկը, որպեսզի բացահայտվի օրգանիկ տնտեսությամբ զբաղվող գյուղացիների իրական ներուժը` հետագայում օրգանիկ գյուղատնտեսությունը Հայաստանում զարգացնելու համար։ Այս հարցի կապակցությամբ վարչապետն ավելի ուշ լրագրողների հետ կայացած հարցուպատասխանի ժամանակ նշել է. «Մենք հետևողական ենք լինելու բոլոր մարզերում այս ծրագրի իրականացմանը, քանի որ ծրագիրը նպաստում է աշխատատեղերի ստեղծմանը։ Մենք ունենք արտահանման մեծ պոտենցիալ, որի ծավալը հասնում է տարեկան 250 մլն դոլարի։ Եվս մեկ անգամ արձանագրեցինք, որ օրգանիկ գյուղատնտեսական մթերքների հանդեպ եղած պահանջարկը գրեթե երկու անգամ գերազանցում է մեր այսօրվա հնարավորություններին»։ Վարչապետը նաև տեղեկացրել է, որ արդեն կա 100 հազարից ավելի տնկի։ Դրանք կտրամադրվեն այն գյուղացիական տնտեսություններին, որոնք պատրաստ են զարգացնել այգեգործությունը։ Վարչապետը նաև նշել է, որ այդ ոլորտը արագ տեմպերով առաջ գնալու հնարավորություն ունի։
Ազատամուտում կառավարության ղեկավարը եղել է նաև կաթի մթերման կայանում և ծխախոտի չորանոցներում։
Այնուհետև վարչապետն այցելել է Ենոքավան գյուղի տարածքում գտնվող «Ապագա տուր» ընկերությանը պատկանող տուրիստական կենտրոն, որը ոչ միայն զբոսաշրջությունն է խթանել մարզում, այլև ստեղծել է նոր աշխատատեղեր։
«Տուրիզմի պոտենցիալի գնահատման տեսակետից անհրաժեշտ է ուսումնասիրել Ենոքավանի փորձը։ Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, օտարերկրյա տուրիստական գործակալություններ արդեն տեղյակ են Ենոքավանի մասին։ Վերջինիս փորձի տարածումը այլ մարզերում կարող է նպաստել տուրիզմի զարգացմանը, քանի որ համահունչ է կառավարության տարածքային համաչափ զարգացման հայեցակարգին»,- նշել է Տիգրան Սարգսյանը։