ուրբաթ, 4 հուլիսի 2003
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վ. Մովսիսյանը:
Հանձնաժողովը քննարկեց 2003 թվականի ընթացքում իրականացվող բարեգործական 14 ծրագիր: Մասնավորապես՝ քննարկվեցին և հաստատվեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Վանաձոր քաղաքի N 3 երաժշտական դպրոցի շենքի ամրացում — վերակառուցում» ծրագիրը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվող ծրագիրը, որի նպատակն է Ստեփանակերտի պոլիկլինիկայի շենքի վերակառուցումը և քաղաքացիների բուժօգնության պայմանների բարելավումը։
Քննարկվեցին և հաստատվեցին նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓՀԳՀ) հայսատանյան գրասենյակի ֆինանսավորմամբ՝ «Օթևան» երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն» հասարակական կազմակերպության կողմից Երևանում և Էջմիածնում իրականացվող շինարարական երկու ծրագրերը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից «Կռունկ» ճամբարի կաթսայատան կառուցման և «Մանկական խաղահրապարակների կառուցում» ծրագրերը։
Նիստում քննարկվեց «Հայկական ակնաբուժական նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից 2003 թվականին իրականացվող ծրագիրը, որի նպատակն է ՀՀ — ԼՂՀ բնակչության շրջանում նվազեցնել ձեռքբերովի կուրությունը և հանրության համար հասանելի դարձնել ակնաբուժական օգնությունն ու ծառայությոնները։
Քննարկվեց նաև «Նապատ» հասարակական միության կողմից իրականացվող «Տավուշի մարզի Գեղատափ գյուղի 9.6 կիլոմետր երկարությամբ ճանապարհի կառուցում» ծրագիրը։
Նիստում հաստատվեց Ֆրանսիայի կառավարության կողմից ՄԱԿ-ի Պարենի — գյուղատնտեսության կազմակերպման (FAO) միջոցով Հայաստանի Հանրապետություն ներկրված 250 տոննա աշնանացան ցորենի օգտագործման ծրագիրը, որը նախատեսում է Լոռու և Տավուշի մարզերի գյուղական 51 համայնքներին աշնանացան ցորենի անհատույց տրամադրում։
Քննարկվեցին և հաստատվեցին նաև՝ «Մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի» կողմից իրականացվող «Բաժանմունքների վերանորոգում» ծրագիրը:
Գորիսի Ռ. Յոլյանի անվան հիվանդանոցի կողմից իրականացվող «Պայքար կուրության դեմ» ծրագիրը, որի նպատակն է Գորիս քաղաքի սոցիալապես անապահով խավերին դեղորայքի անհատույց տրամադրում և օգնություն ցուցաբերպելու նպատակով բուժպարագաների ստացումը,
Նիստում քննարկվեցին և հաստատվեցին 3 կազմակերպության հասցեներով ուղարկված բեռների ներմուծման ծրագրեր, ինչպես նաև 3 ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ։