չորեքշաբթի, 2 հունիսի 2010
Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստում հաստատվել են մրցույթների արդյունքները
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Խորհուրդը քննարկել է օրակարգային մի շարք հարցեր։
Մասնավորապես, խորհրդի անդամները հաստատել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Առաջին տրանշի շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկողության և Երկրորդ տրանշի մանրամասն ինժեներական նախագծի պատրաստման աշխատանքներն իրականացնող խորհրդատվական ծառայությունների ընտրության մրցույթի արդյունքների գնահատման հանձնաժողովի կազմը։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը ներկայացրել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպության բաժնի պետերի ընտրության մրցույթի արդյունքները, որից հետո խորհուրդը հաստատել է ամենաբարձր միավորները հավաքած թեկնածուների նշանակումները։
Նիստում քննարկվել և հավանության է արժանացել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երկրորդ տրանշի` Աշտարակ-Թալին ճանապարհի Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի (ՀՕՏԾ) ավարտի նպատակով տարաբնակեցման տեղական խորհրդատուների ընտրության մրցույթի տեխնիկական առաջադրանքը։ Այն կոչված է ապահովելու նախկինում կատարված աշխատանքների և Ծրագրի իրականացման կազմակերպության Հողի օտարման և տարաբնակեցման խմբի կողմից հետագա ամիսների ընթացքում կատարվելիք աշխատանքների շարունակականությունը։