ուրբաթ, 4 հուլիսի 2003
ՀՀ Սահմանադրության օրվա առիթով, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: Ութ տարի առաջ՝ 1995 թ. կյանքի կոչված ՀՀ Հիմնական օրենքը, անկասկած, նպաստել է մեր անկախ պետականության կայացմանը, քաղաքակիրթ աշխարհի հետ մեր երկրի ինտեգրմանն ու ժողովրդավարական արժեքների արմատավորմանը, դժվարին իրավիճակներում՝ նաև կայունության ապահովմանը: Սակայն ժամանակը իր նոր պահանջներն է առաջադրում մեր հասարակությանն ու պետությանը, որոնք սահմանադրորեն ամրագրման անհրաժեշտություն ունեն: Մեր երկրի Հիմնական օրենքը նոր իրողություններին ներդաշնակեցնելու անհրաժեշտությունը, հուսով եմ, լիարժեքորեն կընկալվի մեր ողջ հանրության կողմից և իր աջակցությունը կգտնի: Քանի որ Սահմանադրությունը կոչված է նախևառաջ, ապահովելու մեր քաղաքացիների ընդհանուր բարեկեցությունն ու քաղաքացիական համերաշխությունը, նպաստելու մեր ազգային նվիրական իղձերի ու նպատակների իրականացմանը և պաշտպանելու մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, որոնք համահունչ են միջազգայնորեն հռչակված սկզբունքներին ու նորմերին: Իսկ այդ ամենը մեր պետության բարգավաճման ու հզորացման գլխավոր երաշխիքն է»: