շաբաթ, 5 հունիսի 2010
Վարչապետը մասնակցել է «Մաքուր Հայրենիք» ազգային ծրագրի մեկնարկին
Այսօր` «Շրջակա միջավայրի պահպանման միջազգային օրը», վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հրազդանի ձորի մաքրման «Երեք կամուրջ» ծրագրի մեկնարկին, որն իրականացվում է վարչապետի նախաձեռնությամբ «Մաքուր Հայրենիք» ազգային ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը մշակվել էր վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից` Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մաքրման և բնապահպանական աշխատանքներ իրականացնելու նպատակով։ «Երեք կամուրջ» ծրագիրն իրականացվում է Հրազդանի ձորի երեք` Հաղթանակի, Կիևյան և Դավիթաշենի կամուրջներին հարող հատվածի մաքրման և բարեկարգման նպատակով։
Տիգրան Սարգսյանն այցելել է մաքրման ենթակա տեղամասեր և անձամբ մասնակցել մաքրման և բարեկարգման աշխատանքներին։ Վարչապետը ողջունել է «Միասին» երիտասարդական շարժման նախաձեռնությունը և պատասխանելով լրագրողների հարցերին` նշել. «Մենք պետք է մեր երեխաներին և թոռնիկներին սովորեցնենք, որ չի կարելի աղտոտել բնությունը, մեր սիրելի քաղաքը։ Դա հայրենասիրության կարևորագույն տարր է և պետք է դառնա ավանդույթ։ «Մաքուր Հայրենիք» հայեցակարգն ունի բավական լուրջ և հեռուն գնացող բովանդակություն։ Մենք պետք է լինենք հետևողական, որպեսզի այս նախաձեռնությունը տարածվի բոլոր մարզերում և անպայման կմասնակցենք այդ ակցիաներին»։ Անդրադառնալով Հրազդանի կիրճում տնտեսվարողների կողմից տարածքը մաքուր պահպանելու խնդրին` Տիգրան Սարգսյանը կարևորել է պատժամիջոցների խստացումը սեփական հայրենիքին անհարգալից վերաբերվող քաղաքացիների նկատմամբ։
Այնուհետև կառավարության ղեկավարը շրջել է տեղամասերով, զրուցել միջոցառման մասնակիցների հետ։ Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը զեկուցել է վարչապետին իրականացվող աշխատանքների մասին։
«Մաքուր Հայրենիք» ծրագիրը համակարգում է ՀՀ բնապահպանության նախարարությունը, մասնակցում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, «Միասին» և «Մաքուր Երևան» հասարակական կազմակերպությունները, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF), Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևը, ինչպես նաև մասնագիտական կառույցները և Հրազդանի ձորում գործող տնտեսվարողները։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է լրացուցիչ աղբարկղերի և Հրազդանի ձորի սանիտարական, բուսական ու կենդանական աշխարհի վերաբերյալ ցուցատախտակների տեղադրում։ Ծրագրի ավարտից հետո նախատեսվում է հանրային հիմունքներով գործող հանձնախմբի ստեղծում, որը վերահսկողություն կսահմանի տարածքի սանիտարական վիճակի պահպանման նկատմամբ։