հինգշաբթի, 10 հուլիսի 2003
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Կառավարությունը որոշել է ստեղծել «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտը շահագործման ընդունող կառավարական հանձնաժողով՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ: Հաշվի առնելով նշված օբյեկտի եզակիությունն ու բարդությունը, մեծածավալ աշխատանքների բնույթը և երկարատևությունը, նույն որոշմամբ հանձնաժողովին կից ստեղծվել է նաև աշխատանքային հանձնախումբ՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի տնօրեն Ա. Կարապետյանի և ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Որոտան-Արփա-Սևան թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի գլխավոր տնօրեն Վ. Զուրաբյանի համանախագահությամբ:
2003 թվականի ընթացքում գարնանային հեղեղումների և ուժեղ քամիների հետևանքով վնասված օբյեկտների վերականգնման նպատակով, գործադիրը, իր պահուստային ֆոնդից, 41 մլն 757 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի, Լոռու, Վայոց Ձորի և Սյունիքի մարզպետարաններին: Այդ գումարով նախատեսվում է վերականգնել նշված համայնքներում վնասված շուրջ հինգ տասնյակ օբյեկտներ, այդ թվում՝ անհատական բնակարաններ, խցանված ստորգետնյա հեղեղատարին կից տներ, դպրոցներ:
Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացվել է 82 մլն 50 հազար դրամ՝ մի շարք մարզերում գարնանային հեղեղումների հետևանքով քանդված ճանապարհահատվածների և արհեստական կառույցների վերականգնման նպատակով:
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, նիստում հաստատվել են «Սոցիալական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրեր կնքելու կարգը» և «Հայաստանի Հանրապետությունում սիրողական որսի և ձկնորսության օբյեկտ հանդիսացող կենդանիների ցանկը»: Որոշման ընդունման նպատակը հանրապետության տարածքում որսորդական պաշարների արդյունավետ օգտագործումն է, առավել վտանգված կենդանական տեսակների պահպանումն ու վերականգնումը:
ՀՀ ջրային օրենսգրքի պահանջների համաձայն, կառավարությունը սահմանել է «Հատուկ պահպանվող ջրային համակարգերն ամբողջությամբ կամ մասնակիորեն, մշտապես կամ ժամանակավորապես տնտեսական գործունեության ոլորտից դուրս բերելու և պահպանելու կարգը»: Որոշման ընդունումը պայմանավորված է որոշակի ջրային համակարգերի ազդեցության տակ գտնվող միջավայրի անվտանգության պահպանման, մարդկային կյանքին սպառնացող գործոնների չեզոքացման անհրաժեշտությամբ:
Մեկ այլ որոշմամբ հաստատվել է նաև կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի և բաց հանքերի օգտագործման և արտահոսքի թույլտվության կարգը: Որոշման ընդունումը պայմանավորված է ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերում պարունակվող վնասակար նյութերի և կոյուղու կոլեկտոր թափվող կեղտաջրերի՝ հետագա մաքրման չենթարկվող վնասակար նյութերի հաշվառման, նորմավորման, արտահոսքի նորմատիվային չափաքանակների հստակեցման անհրաժեշտությամբ: Որոշման ընդունումը կկանոնակարգի նաև կեղտաջրերի ու ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի և բաց հանքերի օգտագործումը՝ արտահոսքի նպատակներով:
Կառավարության անդամները հավանություն են տվել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագիծը Ազգային Ժողովում 2-րդ ընթերցմամբ քննարկելու նպատակահարմարության վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությանը, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Այլ որոշումներով գործադիրը դրական եզրակացություն է տվել նաև «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագիծը և ՀՀ աշխատանքային օրենսգրքի նախագիծը ԱԺ-ում 2-րդ ընթերցմամբ քննարկելու նպատակահարմարությանը:
Նիստում գործադիրը որոշել է ՀՀ կառավարության 1998թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N298 որոշմամբ հաստատված գործունեության տարբեր ոլորտներում ՀԴՄ-ների ներդրման ժամկետացանկի մի քանի կետերի գործողությունը կասեցնել՝ մինչև ՀԴՄ-ների կիրառման հարցերի ՀՀ օրենքով կանոնակարգումը: Այդ խնդիրները օրենքով կանոնակարգելու պահանջը բխում է «ՀՀ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքից:
ՀՀ կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության մասին 1995թ. նոյեմբերի 4-ի համաձայնագրին և «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է Ֆրանսիայի Հանրապետության կառավարության հետ համատեղ հիմնադրել «Հայաստանի ֆրանսիական համալսարան հիմնադրամ» ոչ առևտրային կազմակերպություն:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, որոշում է ընդունվել նաև բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող մի շարք պետական ձեռնարկություններ (կամ դրանց դուստր ձեռնարկություններ) լուծարելու և պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին:
Կառավարության անդամները համաձայնություն են տվել «Միջնակարգ տարրական և միջնակարգ մասնագիտական կրթության մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման և նույնացման մասին», «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Մոլդովայի Հանրապետության գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության նախարարության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին: Մեկ այլ որոշմամբ գործադիրը համաձայնություն է տվել նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև գեոդեզիայի, քարտեզագրման, կադաստրի և երկրի հեռահար զոնդավորման համագործակցության վերաբերյալ» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Կառավարությունը հաստատել է՝ ՀՀ հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (քաղաքապետարանի) աշխատակազմերում հայեցողական պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը:
Նիստում հաստատվել է նաև ՀՀ Վայոց Ձորի մարզի Արին գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման: