ուրբաթ, 11 հուլիսի 2003
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարկո Կլեմենտեին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ ու նաև այս տարվա հուլիսի 1-ից Իտալիայի՝ Եվրամիության նախագահությունը ստանձնելու առթիվ: Նշելով, որ Հայաստանն իր առջև նպատակ է դրել ապագայում անդամակցելու ԵՄ-ին, նա հույս է հայտնել, որ Իտալիայի հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունների զարգացումը ևս կնպաստի այդ գործընթացի արագացմանը: Կարևորելով ԵՄ եռյակի պատվիրակության այցը Հայաստան՝ վարչապետն ընդգծել է, որ խնդիրը ոչ միայն ԵՄ-ին մեր երկրի անդամակցությունն է, այլև տարածաշրջանային համագործակցության խթանումը, ինչի կարևորությունը այցի ընթացքում շեշտել են նաև Եվրամիության ղեկավարները: Այս տեսակետից, ըստ նրա, Հայաստանի կառավարությունը պատրաստ է քննարկելու տարածաշրջանային անվտանգության ու երկրների միջև տնտեսական կապերի զարգացմանն ուղղված ծրագրերի ցանկացած առաջարկ և նպաստելու դրանց իրականացմանը:
Մարկո Կլեմենտեն հավաստել է ԵՄ եռյակի պատվիրակության գոհունակությունը Հայաստան կատարած այցի արդյունքներից և շնորհակալություն հայտնել հայկական կողմին՝ հանդիպումների կազմակերպման բարձր մակարդակի, բարեկամական, կառուցողական մթնոլորտի ապահովման համար: Նշելով, որ ինքն առաջիկայում, ըստ էության, ներկայացնելու է ոչ միայն իր երկիրը՝ Իտալիան, այլև Եվրամիության մյուս երկրները, պարոն Կլեմենտեն հավաստիացրել է, որ մեծ ջանքեր է գործադրելու ԵՄ պատվիրակության այցի ընթացքում քննարկված քաղաքական ու տնտեսական բոլոր խնդիրներն ու պայմանավորվածությունները առաջիկայում կյանքի կոչելու համար:
Անդրադառնալով հայ-իտալական հարաբերություններին, կողմերը նշել են, որ երկու երկրների միջև առկա քաղաքական գործակցության մակարդակը լավ հիմք է նաև տնտեսական կապերի զարգացման համար: Նշելով սոցիալական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության դրական արդյունքները, Անդրանիկ Մարգարյանը և Մարկո Կլեմենտեն կարևորել են տնտեսական համատեղ ծրագրերի մշակումը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը: Դեսպանը, մասնավորապես, պատրաստակամություն է հայտնել արդեն այս տարի կազմակերպելու Իտալիայի արտաքին առևտրի նախարարի հանդիպումը իր հայ գործընկերների և գործարար շրջանակների հետ:
Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին իր առաջիկա գործունեության մեջ՝ հույս հայտնելով, որ Հայաստանի կառավարության հետ նրա համագործակցությունը կլինի արդյունավետ: