ուրբաթ, 26 հունվարի 2001
Այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի առաջին նիստը: Խորհուրդն ստեղծվել է ՀՀ վարչապետի դեկտեմբերի 29-ի որոշմամբ: Այն հասարակական հիմունքներով աշխատող մարմին է, որն իր գործունեությամբ հաշվետու և պատասխանատու է ՀՀ վարչապետին: Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ կառավարության աշխատակազմի, համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների պատասխանատու պաշտոնյաներ /հիմնականում կանայք/ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ըստ վարչապետի, խորհրդի ստեղծման նպատակը կանանց հիմնահարցերի լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքների համակարգումը, դրանց լուծման ուղիների որոնումը և առաջարկումն է գործադիր մարմնին, այնուհետև այդ ուղղությամբ վերջինիս կատարած աշխատանքի վերահսկողությունը:
Վարչապետի խոսքերով, խորհուրդն իր գործունեությամբ պետք է կարողանա հասնել նրան, որ մեր պետության, հասարակության մեջ բարձրանա կնոջ դերը, նրա մտավոր, կազմակերպչական ստեղծագործական ունակություններն, ըստ արժանվույն գնահատվեն և ի սպաս դրվեն պետության համար: Անդրանիկ Մարգարյանը կարևորելով կանանց հիմնահարցերը, այնուհանդերձ չցանկացավ դրանք առանձնացնել երկրի ընդհանուր խնդիրներից, նկատելով, որ այսօր պակաս ծանր վիճակում չէ նաև տղամարդը, որն աշխատանք չունի և ընտանիքի նկատմամբ պատասխանատվության, խնդիր ունենալով, հոգեբանական դժվարին կացության մեջ է հայտնվում: Հետևապես, կանանց հիմնահարցերը, պետք է դիտարկել համակարգային՝ սկսած ընտանիքից, վերջացրած պետության հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքում նրանց դերակատարումով:
Խորհրդի անդամները ողջունեցին վարչապետի նախաձեռնությունը, որի մասին տարիներ շարունակ խոսվել է, սակայն գործնականում ոչինչ չի արվել: Ըստ նրանց, այժմ այս մարմինն իրենց հնարավորություն կտա խնդիրների մասին անընդհատ խոսելուց հետո, անցնել դրանց լուծման մեխանիզմների մշակմանը և կառավարության միջոցով դրանք իրագործելուն:
Վարչապետը հանձնարարեց նախարարություններին, գերատեսչություններին մեկ շաբաթվա ընթացքում խորհրդին ներկայացնել, թե 2001թ. իրենց ծրագրերում կանանց հիմնահարցերի հետ կապված ինչպիսի խնդիրներ են նախատեսվում ներառել և առաջարկեց խորհրդի անդամներին երկշաբաթյա ժամկետում ծանոթանան ստացված պատկերին, փորձեն ամբողջացնել և խնդիրների լուծման մեխանիզմներ առաջարկեն, որոնց համար կառավարությունը կկազմի իրագործման ժամանակացույց:
ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի այսօրվա նիստում որոշակի խմբագրական և այլ առաջարկներով հաստատվեց խորհրդի կանոնադրությունը, հստակեցվեցին խորհրդի նիստերում քննարկման ենթակա հարցերի շրջանակը, որոնք դարձյալ կհամալրվեն՝ այսօրվա քննարկման արդյունքից ելնելով:
Որոշվեց հաջորդ նիստն անցկացնել մեկ ամիս հետո, այդ ընթացքում աշխատանքային կարգով հանդիպումների ընթացքում աշխատելով տրված հանձնարարականների և առաջացած հրատապ խնդիրների ուղղությամբ: