երկուշաբթի, 21 հունիսի 2010
Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական խոսքը բուժաշխատողների մասնագիտական տոնի կապակցությամբ
Հարգելի բժիշկներ և բուժաշխատողներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ։
Մեզանում բժշկի մասնագիտությունը ավանդաբար վայելում է հասարակության հարգանքն ու ակնածանքը։ Շատերի համար դուք մարմնավորում եք այլոց առողջության համար պայքարելու պատրաստ մարդու կերպարը։
Ձեր երդմանը հավատարիմ` դուք նվիրվել եք մեր քաղաքացիների առողջության պահպանման և կյանքի որակի բարելավման շնորհակալ գործին։
Մեր նորագույն պատմությունը հիշում է բուժաշխատողների անձնուրացության բազմաթիվ դրվագներ, երբ թե տարերային աղետների ժամանակ, թե ռազմական գործողությունների բովում վտանգելով սեփական կյանքը դուք փրկում էիք հարյուրավոր մարդկային կյանքեր։
Վստահ եղեք, որ մենք գնահատում ենք ձեր շնորհակալ աշխատանքն ու շարունակելու ենք, պետության հնարավորությունների մեծացմանը զուգահեռ, բարելավել թե ձեր աշխատանքի պայմանները, թե լուծել առողջապահության ոլորտի աշխատողների առաջ ծառացած խնդիրները։
Օգտվելով այս հրաշալի առիթից` ևս մեկ անգամ իմ երախտիքի խոսքն եմ ուղղում մեր բոլոր բուժաշխատողներին, մաղթելով ձեզ առողջություն, հաջողություններ ու մասնագիտական նորանոր նվաճումներ։