երեքշաբթի, 22 հունիսի 2010
Քննարկվել է ԵՀՔ ՀՀ-ԵՄ 2009-2011 թվականների գործողությունների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների կատարման ընթացքը
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Եվրոպական Միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող հանձնաժողովի նիստ, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Նիստի օրակարգով քննարկվել է Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրի 2009-2011 թվականների միջոցառումների կատարման ընթացքը։ ՀՀ պետական գերատեսչությունների ղեկավարները զեկուցել են վարչապետին նշված ժամանակահատվածում իրականացված միջոցառումների և որոշ միջոցառումների չկատարման կամ ժամանակին չկատարման մասին։
Անդրադառնալով ՀՀ պետական գերատեսչությունների կողմից իրականացման ենթակա միջոցառումներին` վարչապետն ընդգծել է որոշ միջոցառումների վերանայման և վերաշարադրման անհրաժեշտությունը։
Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ պետական գերատեսչությունների ղեկավարներին մեկ շաբաթվա ընթացքում հաշվետվություն ներկայացնել Էկոնոմիկայի նախարարությանը միջոցառումների իրականացման արդյունքում արձանագրված առաջընթացի վերաբերյալ։