երեքշաբթի, 22 հունիսի 2010
Վարչապետը կարևորել է Երևանում անցկացված հայ-իրանական գործարար համաժողովի աշխատանքները
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գործարարների պատվիրակությանը։ Իրանցի գործարարների պատվիրակությունը Հայաստանում է գտնվում Երևանում կազմակերպված հայ-իրանական գործարար համաժողովի շրջանակներում։ Հանդիպմանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիան և Հայաստան–Իրան Առևտրաարդյունաբերական Պալատի պատվավոր նախագահ Լևոն Ահարոնյանը։
Բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ծավալված քաղաքական համագործակցության մակարդակը` վարչապետը կարևորել է տնտեսական համագործակցության խորացումը և առկա ներուժի լիարժեք օգտագործումը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հունիսի 18-ին Զարգացման հայկական գործակալության հետ համատեղ կազմակերպված գործարար համաժողովի արդյունքներին։ Իրանցի գործարարները տեղեկացրել են, որ համաժողովում քննարկվել են Հայաստանի ներդրումային ու հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները և հեռանկարները։ Փոխադարձաբար կարևորվել է գործարար համաժողովների պարբերաբար կազմակերպումը` նպատակաուղղված երկու երկրների մասնավոր հատվածների միջև տնտեսական կապերի աշխուժացմանը։