չորեքշաբթի, 16 հուլիսի 2003
Այսօր ՀՀ կառավարությունում, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ, տեղի է ունեցել «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտը շահագործման ընդունող կառավարական հանձնաժողովի և նրան կից աշխատանքային հանձնախմբի համատեղ նիստ: Հանձնաժողովի և հանձնախմբի կազմերում ընդգրկված են նշված օբյեկտի շինարարության և շահագործման աշխատանքների նկատմամբ իրավասու պետական մարմինների և կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Օբյեկտի շինարարական աշխատանքների պատվիրատուն ՀՀ քաղաքաշինության նախարարությունն է, կապալառու կազմակերպությունները՝ «Արփա-Սևան» ԲԲԸ-ն և «Հայէներգամասնագետշին» ՓԲԸ-ն, նախագծային կազմակերպությունը՝ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ն: Օբյեկտը շահագործման պետք է հանձնվի ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ենթակայության «Որոտան-Արփա-Սևան թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկին:
Խորհրդակցության արդյունքում հանձնարարվել է իրավասու կողմերին և աշխատանքային հանձնախմբին՝ օբյեկտի շինարարական աշխատանքների ավարտական փուլին զուգահեռ, սկսել այն շահագործման ընդունելու հետ կապված ուսումնասիրություններն ու անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստումը: Կառավարական հանձնաժողովի կողմից օբյեկտի շահագործման ընդունման փաստագրումը կկատարվի աշխատանքային խմբի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա՝ ՀՀ կառավարության կողմից հաստատված ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգին համապատասխան և սահմանված ժամկետներում: