հինգշաբթի, 1 հուլիսի 2010
Վարչապետը շնորհավորել է դատախազության աշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ գլխավոր դատախազության աշխատողի օրվան և դատախազության 92-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի բացմանը։
Մասնագիտական տոնի կապակցությամբ դատախազության աշխատակիցներն այսօր ծաղիկներ են դրել ՀՀ դատախազության հիմնադիրներից մեկի` Պետիկ Թորոսյանի հուշատախտակին` հարգելով նրա հիշատակը։
Հայաստանի Հանրապետության օրհներգի ներքո ազդարարվել է հանդիսավոր նիստի սկիզբը։
Ողջունելով ներկաներին` շնորհավորանքի իր խոսքում Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշել է, որ տոնը բացառիկ հնարավորություն է` գնահատելու դատախազության անցած ուղին, ձևավորման փուլերը, նվաճումները և բացթողումները, միևնույն ժամանակ մատնանշելու այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն։ «Ձեր աշխատանքով է էապես պայմանավորված մեր պետականության ամրապնդման աշխատանքների արդյունավետությունը։ Համոզված եմ, որ այս գիտակցությամբ զինված մենք ձեզ հետ միասին կկարողանանք բացահայտել թերությունները և դրանց վերացման ուղղությամբ կառուցել համատեղ աշխատանք։ Համոզված եմ, որ դատախազությունում այսօր ունենք կուտակված այնպիսի ռեսուրսներ, մարդկային պոտենցիալ, որը հնարավորություն է տալու արդյունավետ լուծել հասարակության առջև ծառացած բոլոր խնդիրները»,-ասել է Տիգրան Սարգսյանը։ Վարչապետը հավաստիացրել է, որ կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի դատախազության աշխատակիցների համար ստեղծի բարենպաստ պայմաններ` մասնագիտական պարտականությունները բարձր մակարդակով իրականացնելու համար։ «Դա նշանակում է, որ մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք այն սոցիալական խնդիրներին, որոնք այսօր կան համակարգում»,- նշել է վարչապետը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով վարչապետ Տիգրան Սարգսյանը «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրել է դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի պետ Վարդան Մուրադյանին։ ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել է ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կորյուն Փիլոյանը, ՀՀ դատախազության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության պետ Աշոտ Զալինյանը։ Մի շարք աշխատակիցներ խրախուսվել են նաև ՀՀ վարչապետի, ՀՀ ԱԺ նախագահի, ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ոստիկանապետի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի շնորհակալագրերով։
Մասնագիտական տոնի առթիվ դատախազության ավելի քան 60 աշխատակիցներ, ինչպես նաև վետերաններ արժանացել են տարբեր պարգևների։