հինգշաբթի, 8 հուլիսի 2010
Տնտեսության վարկավորումը շարունակվում է
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Աջակցություն է ստանում սերմնաբուծության ոլորտը
ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ 2010թ. պետբյուջեից (կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից) կառավարության 2009թ. հունիսի 26-ի «Տնտեսության վարկավորման ծրագրի մասին» որոշմամբ հաստատված ՌԴ կողմից ՀՀ-ին 2009թ. տրամադրված պետական վարկի միջոցներից տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի առաջին բաղադրիչի ֆինանսավորման նպատակով հատկացրել 5,000,000.0 հազար դրամ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առնչությամբ նշել է, որ կառավարությունը դեռևս անցյալ տարի հստակ պայմաններ է սահմանել վարկավորում իրականացնելու ծրագրով։ Նպատակը եղել է արտադրանքի արտահանումը, զբոսաշրջության զարգացումը խթանելը։ Անցած մեկ տարում ծրագիրը բավական մեծ հաջողություն է ունեցել, կան ակնառու արդյունքներ, այդ թվում` տնտեսության անցած ամիսների 8.8 տոկոս աճը։ Հաշվի առնելով այս հանգամանքները, կառավարությունը նպատակահարմար է համարել տնտեսության լրացուցիչ վարկավորման համար ԿԲ-ին հատկացնել ևս 5 մլրդ դրամ։
Իր նիստում կառավարությունը վերաբաշխում է կատարել 2010թ. պետբյուջեում, փոփոխություններ` ավելի վաղ ընդունած որոշման մեջ և ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել 558000.0 հազար դրամ` արտերկրից և տեղական արտադրողներից «Էլիտային» վերարտադրության ցորենի սերմացու ձեռք բերելու նպատակով։ Ծրագիրը հնարավորություն կտա արդեն 2014թ. ցորենի ցանքատարածությունը հասցնել 115-120 հազար հա-ի, ցորենի ինքնաբավության մակարդակը ներկայիս 37 տոկոսից` 55 տոկոսի։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ վերջին տարիներին բարձրորակ սերմացու չի ներմուծվել Հայաստան։ Այժմ պետությունը, առաջին անգամը լինելով, զգալի գումար է հատկացնում սերմնաբուծության զարգացմանը այն հաշվով, որ առաջիկայում հնարավոր լինի երկրում արտադրել մինչև 3 հազար տոննա սերմացու։ Դրանով իսկ 3-4 տարում կբավարարվի հացահատիկի սերմացուի պահանջարկը։ Վարչապետի դիտարկմամբ կարևոր է նաև որակյալ սերմացուն ցանել որակյալ հողում, որպեսզի արդյունքը լիակատար լինի։
Գործադիրը որոշել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի 17 պոմպակայանի վերականգնման ենթածրագրով իրականացվող Ռանչպար-1 պոմպակայանի վերականգնման համար համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օտարման նպատակը ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ և հիմնավորել այն։ Ծրագրի իրականացումը նպատակաուղղված է ՀՀ միջազգային պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարմանը և հողամասերի ոռոգման ապահովմանը։
Գործադիրը ս.թ. հունիսի 28-ից հուլիսի 3-ը Երևանում բասկետբոլի Եվրոպայի կանանց C դիվիզիոնի առաջնության կազմակերպման և անցկացման նպատակով «Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա» ՀԿ-ին որպես նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացրել է 12.000,0 հազար դրամ։
Հիմք ընդունելով «ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկների կառուցման մասին» ՀՀ օրենքը և նպատակ ունենալով ատոմային էներգետիկայի ոլորտն ապահովել բարձրակարգ մասնագետներով, կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որտեղ առաջարկվող միջոցառումների իրականացումը հնարավորություն կտա դիմորդներին շահագրգռել միջուկային էներգետիկայի բնագավառի մասնագիտության ընտրության հարցում, համալսարաններում ստեղծել ժամանակակից տեխնիկական միջոցներով կահավորված լաբորատորիաներ։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը «Կենսատեխնոլոգիայի ԳՀԻ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել է «ՀՀ ԳԱԱ» ՊՈԱԿ-ին և ստեղծել ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ։
Կառավարության որոշմամբ Երևանի քաղաքապետին տրվել է Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչների հետ կնքված 115 պայմանագրերից 34-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու լիազորություն։
Երիտասարդ գիտնականները բնակարան կգնեն շուկայականից անհամեմատ ցածր գներով
ՀՀ կառավարությունը որոշել է Երևան քաղաքի Ազատության պողոտայի N 26 հասցեում` «ՀՀ ԳԱԱ Ա. Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ին ամրացված շենքերի ու շինությունների մի մասը` դրանցով զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ հողամասով հետ վերցնել և նվիրաբերել «Երևանի պետհամալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ին` «Մատչելի բնակարաններ երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» ծրագրով բազմաբնակարան-բազմագործառնական շենք կառուցելու նպատակով։ Խնդիրը քննարկվել է ՀՀ նախագահի հետ, արժանացել նրա հավանությանը։ Համակողմանի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ակադեմիայում այժմ աշխատում են ավելի քան 300 երիտասարդ գիտնականներ, ովքեր ունեն բնակարանի ձեռքբերման կամ բնակարանային պայմանների բարելավման հրատապ անհրաժեշտություն։ Վերը նշված շենքային համալիրի բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին, ինչպես նաև ՀՀ ստեղծագործական միությունների երիտասարդ անդամներին։«Երևանի պետհամալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ն նախաձեռնել է նաև ՀՀ մարզերում իրականացնել «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը» սոցիալական ծրագիրը, որի առաջին փուլում բազմաբնակարան շենք կկառուցվի Կապան քաղաքում։ Համալիրն ունենալու է 300-320 բնակարան, որոնց կարիքն զգում են քաղաքի հարյուրավոր երիտասարդ ընտանիքներ։ Ծրագիրն իրականացնելու նպատակով գործադիրը Կապանի քաղաքային համայնքի ղեկավարին թույլատրել է վերը նշված ՀԿ-ին գնման նախապատվության իրավունքով, առանց մրցույթի, վարձակալության իրավունքով տրամադրել Կապանի Գ. Արզումանյան 111/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը։
Կառավարությունը որոշել է Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի երկրաշարժի հետևանքով քանդված կամ քանդման ենթակա 47 տների բնակիչներին ընդգրկել պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրում` համաձայն համայնքի ղեկավարի հաստատած ցուցակի։ Դեռ մինչև երկրաշարժը Կապսի ջրամբարի կառուցման նպատակով նախատեսվում էր գյուղը տեղափոխել նոր տարածք, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով շինարարությունը դադարեցվել է, գյուղը չի տեղափոխվել։ Որոշմամբ ակնկալվում է լուծել Ջրաձորի բնակիչների բնակարանային խնդիրը։
Կառավարությունը հաստատել է
- ՀՀ 2011-2013թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2011-2013թթ. ռազմավարական ծրագրին, ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցրել այն ներառել ՀՀ 2011-2013թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում,
- «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպման կարգը», որով կանոնակարգվելու են արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ընթացքում այդ աշխատանքների իրականացման ու ղեկավարման գործընթացները,
- ՀՀ քիմիական օբյեկտների վթարի կամ քիմիական վտանգի դեպքում բնակչության պաշտպանության պլանը, քիմիական վտանգավոր օբյեկտում վթարի դեպքում վթարավերականգնողական գործողությունների կարգը,
- ՀՀ ԿԱ ԱԱԾ իրեն սպասարկող ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում գործող արտաբյուջետային բանկային հաշվի միջոցների ծախսման 2010թ. նախահաշիվը,
- Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի կողմից ՀՀ-ին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող Գյուղական ճանապարհահատվածի և Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի կառավարման խորհրդի հաստատած ազգային բաց մրցույթի արդյունքները` հաղթող ճանաչելով «Ճանապարհ» և «Ոսմար» ՍՊԸ-ները, «Գորիսի ՃՇՇ» և «Զանգեզուրտրանսշին» ԲԲԸ-ները։
Կառավարությունն իր չորս որոշումներով փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներում։ Դրանցից առաջինի ընդունումը պայմանավորված է անձնագրային որոշ գործողությունների հստակեցման անհրաժեշտությամբ, երկրորդի համաձայն նոր խմբագրությամբ են շարադրվում «Ոստիկանության ծառայողի ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները», հաջորդով կարգավորվում են ՀՀ պետռեգիստրում անձանց հաշվառելու, ինչպես նաև հաշվառման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուն առնչվող վարչարարական որոշ գործընթացներ, չորրորդով ստաժ սահմանող հանձնաժողովին տրվում է 1992թ. ՀՀ Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց ստաժները սահմանելու լիազորություն։
Օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գնումների մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով նախատեսվում է այդ ընթացակարգի էական ապակենտրոնացում։ Ներմուծվում է էլեկտրոնային գնումների համակարգը։
Կառավարության հավանությունն են ստացել «Սնանկության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ու ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերը, որոնցով առաջարկվում է «Սնանկության մասին» օրենքում կատարել խմբագրական փոփոխություններ և վերացնել ՀՀ քաղաքացիական դատավարության և դատական օրենսգրքերին հակասող դրույթները։ Քննության առնելով ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանի` նույն և մի քանի այլ օրենքներում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, գործադիրը հանգել է այն եզրակացության, որ այդ փաթեթը պետք է քննարկվի նախորդի քննարկման շրջանակում։
Գործադիրը հավանություն է տվել «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որով նախատեսվում է ազատազրկման դատապարտված անձին թույլատրել հանդես գալ որպես դոնոր, երբ ռեցիպիենտը վերջինիս մերձավոր ազգականն է։
Կառավարությունը սկզբունքային առարկություն չունի ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աբրահամյանի և Կարեն Ավագյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրինագծին, որով առաջարկվում է, կարևորելով երեխայի պարտադիր մասնակցությունը դասապրոցեսին, հնարավորություն ստեղծել առավել ճկուն լուծում տալ հնարավոր իրավիճակներին։
Գործադիրը դեմ է արտահայտվել ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական օժանդակության ուսումնական վարկերի մասին» ՀՀ օրենքի նախագծին և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագծերի փաթեթին, որոնք անընդունելի են և հակասում են կառավարության որդեգրած շուկայական տնտեսությամբ պետության գաղափարախոսությանը։
Վերը նշված օրինագծերը և ՀՀ կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Այլ որոշումներ
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև բարձրագույն կրթությունը և գիտական աստիճանները և կոչումները հավաստող փաստաթղթերի փոխճանաչման վերաբերյալ համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Կառավարության համաձայնությունն է ստացել նաև Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական անձնագրեր կրողների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման համաձայնագրի կնքման առաջարկությունը։
Իր նիստում կառավարությունը փոփոխություն է կատարել Կոտայքի մարզի Պռոշյանի և Արարատի մարզի Նոր Խարբերդի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում` քաղաքացիների սեփականություն հանդիսացող հողերը փոխադրելով բնակավայրերի հողերի կատոգերիա, առաջին դեպքում` հասարակական, երկրորդում` բնակելի կառուցապատման համար։
ՀՀ կառավարությունը որոշել է Սերգեյ Բագրատյանին նշանակել ՀՀ Վայոց ձորի մարզպետ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին և մաղթել բեղմնավոր աշխատանք։