չորեքշաբթի, 23 հուլիսի 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Էնրիկե Գելբարդին:
Արդյունավետ գնահատելով ԱՄՀ-ի հետ Հայաստանի կառավարության համագործակցությունը, վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստ է այսուհետ ևս, իրական հնարավորությունները հաշվի առնելով, շարունակելու փոխգործակցությունը՝ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, իսկ նոր խնդիրների և առաջարկությունների ի հայտ գալու դեպքում՝ քննարկելու դրանք: Համաձայնելով Անդրանիկ Մարգարյանի հետ՝ համագործակցության արդյունավետության վերաբերյալ, պարոն Էնրիկե Գելբարդը նաև գոհունակություն է հայտնել վերջին տարիներին Հայաստանում արձանագրված տնտեսական զարգացումների մակարդակից և տեղեկացրել, որ Արժույթի միջազգային հիմնադրամում ներկայումս քննարկվում է Հայաստանում իրականացվող ծրագրի շարունակման և հաջորդ տարի մեր երկրին նոր վարկաբաժնի տրամադրման հարցը: Նոր ծրագրի հաջող իրականացման տեսանկյունից, առաքելության ղեկավարն ընդգծել է հատկապես մաքսային, հարկային, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում համատեղ աշխատանքի, փոխադարձ համաձայնությունների ձեռքբերման խնդիրը: Նա հայտնել է, որ ԱՄՀ-ն շահագրգռված է իր մասնակցությունը բերելու հակակոռուպցիոն ռազմավարության մշակման աշխատանքներին:
Նշելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը Աղքատության կրճատման ռազմավարական ծրագրի կարևոր բաղկացուցիչն է և Հայաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս դրա մշակման թափանցիկությանը, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների հետ համատեղ քննարկումներին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն առաջարկել է նաև ԱՄՀ-ին՝ իր ներկայացուցչի միջոցով մասնակցություն ունենալ Հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքները համակարգող հանձնաժողովի աշխատանքներին: Վարչապետն առաջարկել է նաև ԱՄՀ-ի առաքելությանը՝ առաջիկա շաբաթվա ընթացքում համագործակցության ծրագրերի վերաբերյալ քննարկումներ անցկացնել ֆինանսների և էկոնոմիկայի, այլ նախարարների հետ՝ ծագող խնդիրներին լուծումներ գտնելու նպատակով, որոնք այնուհետև կամփոփվեն վարչապետի մոտ՝ որոշակի համաձայնությունների կայացման համար: