երեքշաբթի, 13 հուլիսի 2010
«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստում քննարկվել են օրակարգային հարցեր
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Օրակարգի առաջին հարցի շրջանակներում Խորհուրդը քննարկել և հաստատել է «Հազարամյակի մարտահրավեր» hիմնադրամ-Հայաստան» ծրագրի Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի Ենթակառուցվածք բաղադրիչի շրջանակներում «Երրորդ կարգի ջրանցքների վերականգնում (Փաթեթ II)»-ի առաջին և երրորդ Լոտերի պայմանագրերի նախագծերը։
Նիստում հաստատվել են Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային ներկայացվելիք Արտահերթ Հատկացման հայտը և դրան կից փաստաթղթերը, որոնց վերաբերյալ զեկուցել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը։ Համաձայն Արտահերթ Հատկացման հայտի` 2010 թ. հուլիս-սեպտեմբեր եռամսյակի համար ՀՄՀ-Հայաստանը Կորպորացիայից ակնկալում է ստանալ լրացուցիչ ֆինանսավորում 206,767 (երկու հարյուր վեց հազար յոթ հարյուր վաթսունյոթ) ԱՄՆ դոլարի չափով։ Այսպիսով, ընթացիկ եռամսյակի համար հատկացումների 16-րդ հայտով հաստատված և պահանջվող լրացուցիչ ֆինանսավորման ընդհանուր գումարը կկազմի 25,253,712 (քսանհինգ միլիոն երկու հարյուր հիսուներեք հազար յոթ հարյուր տասներկու) ԱՄՆ դոլար։ Լրացուցիչ ֆինանսավորումն անհրաժեշտ է ՀՄՀ-Հայաստանի Ջրից դեպի շուկա ծրագրի վարկային բաղադրիչի գործունեության շարունակական ֆինանսավորումն ապահովելու համար։ Վարկային բաղադրիչի ընդհանուր գումարը կազմում է 8.5 մլն ԱՄՆ դոլար, որի տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչև 2010 թ. սեպտեմբերի վերջը։
Օրակարգի մեկ այլ հարցով Խորհրդի անդամները հաստատել են Ենթակառուցվածք բաղադրիչի շրջանակներում վերականգնվող Ռանչպար 1 պոմպակայանում շինարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ հողերի օտարման գործողությունների պլանը։ Քննարկվել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի փակման պլանը։
Կառավարման խորհրդին են ներկայացվել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի շահառուների խորհրդի ընտրության արդյունքները և նոր կազմը, որոնք քննարկվել և հաստատվել են Խորհրդի կողմից։
Ի գիտություն է ընդունվել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի շրջանակներում մշակվող Ոռոգման ռազմավարության ընթացքի և մոնիտորինգի ու գնահատման փոփոխված պլանի վերաբերյալ տեղեկատվությունը։