չորեքշաբթի, 14 հուլիսի 2010
Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի անդրանիկ նիստը
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի առաջին նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Նիստում ներկայացվել է տեսչական բարեփոխումների իրականացման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը։ Մասնավորապես, զեկուցվել է 2010 թ. հունվար-հունիս ամիսներն ընդգրկող ժամանակաշրջանում տեսչական բարեփոխումների շրջանակներում իրականացված գործողությունների և արդյունքների մասին։
Քննարկվել է պետական վերահսկողության մասին օրենքի նախագծի տարբերակը։ Վարչապետը հանձնարարել է խորհրդի անդամներին նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները և դիտողությունները գրավոր ներկայացնել տեսչական բարեփոխումների աշխատանքային խմբին։
Խորհուրդը հաստատել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի կազմը։ Որոշ դիտողություններով ու ձևակերպումների վերանայումներով հանդերձ հաստատվել է նաև խորհրդի աշխատակարգը։
Ի գիտություն են ընդունվել պետական հրդեհային տեսչությունում ռիսկի վրա հիմնված համակարգի ներդրման ծրագրի ու տեսչական բարեփոխումների մոնիտորինգի և գնահատման ծրագրի վերաբերյալ զեկույցները։