երկուշաբթի, 19 հուլիսի 2010
Տիգրան Սարգսյանն ընդունել է Գունար Վիգանդին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր դեպարտամենտի Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն Գունար Վիգանդին։ Հանդիպմանը ներկա էր Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերը։
Ողջունելով հյուրերին` վարչապետն ընդգծել է Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի կարևորությունը բարեփոխումների իրականացման գործում։
Զրուցակիցները քննարկել են «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում պետական մարմինների զարգացման համապարփակ ծրագրի իրականացման մանրամասներ։ Այդ համատեքստում կարևորվել է կարողությունների զարգացման ուղղությամբ ՀՀ-ում ԵՄ Խորհրդատվական խմբի արդյունավետ գործակցությունը ՀՀ պետական գերատեսչությունների հետ, ինչը կնպաստի կառավարման համակարգում բարեփոխումների հաջող իրականացմանը ու վարչարարության արդյունավետության բարձրացմանը։
Գունար Վիգանդը Տիգրան Սարգսյանին է փոխանցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի ողջույնները և հրավիրել է վարչապետին այցելել Բրյուսել` Եվրոպական հանձնաժողով։