չորեքշաբթի, 28 հուլիսի 2010
Վարչապետն ընդունել է «Երիտասարդությունն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ներկայացուցիչներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպել է «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման նպատակը «Երիտասարդությունն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրով իրականցվող աշխատանքների քննարկումն էր։
Երեք տասնյակից ավելի երիտասարդներից բաղկացած խումբը ուսումնասիրելով բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ինչպես և դեղերի մասին ՀՀ օրենքները` փորձել է բացահայտել այդ օրենքներում առկա երկիմաստությունները, որոնք կարող են կոռուպցիոն ռիսկերի պատճառ դառնալ։
Ուսանողների կողմից բարձրացված տարբեր հարցերի շուրջ ծավալվել է շահագրգիռ քննարկում։ Բուհերի անարդյունավետ կառավարում, առողջապահություն, մասնավորապես` դեղերի ոլորտում խնդիրներ, սփյուռքի հետ համագործակցության խթանում և կոռուպցիա. սրանք էին հարցերի այն շրջանակը, որոնք հետաքրքրում էին երիտասարդներին։ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է դրանց լուծման տարբերակներն ու ընդգծել, որ այդ հարցերի շուրջ երիտասարդների առաջարկներին կառավարությունում անպայման ուշադրություն կդարձնեն։
Առկա խնդիրներն ամբողջությամբ և հանգամանորեն ներկայացնելուց հետո, «Ապագան քոնն է» ՀԿ անդամները շնորհակալություն են հայտնել վարչապետին` բարձրացված հարցերին հետևողականորեն ուշադրություն դարձնելու և դրանք հասարակական կազմակերպությունների հետ քննարկելու, համատեղ լուծումներ գտնելու պատրաստակամության համար։
Վարչապետի հետ հանդիպման ժամանակ ներկայացվել են նաև հիշյալ օրենքների հետ կապված դիտարկումներ և առաջարկություններ, որոնք ավարտուն տեսքի կբերվեն օգոստոսի 24-27-ը կազմակերպվելիք հակակոռուպցիոն եռօրյա ճամբարի ընթացքում և կներկայացվեն կառավարությանը։