ուրբաթ, 6 օգոստոսի 2010
Վարչապետը շնորհավորել է շինարարներին` մասնագիտական տոնի առթիվ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Շինարարի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը։
Տիգրան Սարգսյանը շնորհավորելով շինարարներին մասնագիտական տոնի առիթով` նշել է. «2009 թվականը լուրջ փորձության տարի էր առաջին հերթին շինարարության ոլորտի համար։ Մենք ունեցանք կապիտալ ներդրումների էական նվազում, և առաջին հերթին շինարարության ոլորտում, որի արդյունքն արձանագրեցինք ամբողջ տնտեսական համակարգի վրա։ 2010 թվականի առաջին կիսամյակի միտումները ցույց են տալիս, որ ոլորտը փուլ առ փուլ դուրս է գալիս ճգնաժամային իրավիճակից, և դրան էապես նպատում են նաև այն մեծածավալ ծրագրերը, որ այսօր ֆինանսավորվում են պետական բյուջեից։ Այս աշխատանքները շարունակվելու են, և չափազանց կարևոր է, որ քաղաքաշինության նախարարության նոր նախաձեռնությունները ավելի բազմազան են դարձնում այն գործառույթները, որով զբաղվում են այսօր շինարարները»։ Վարչապետը կարևորել է քաղաքաշինության նախարարության կողմից 2010 թվականի ընթացքում իրականացվելիք ծրագրերը։ «Այսօր մենք ցանկանում ենք այնպիսի նոր խոսք ասել շինարարության ոլորտում, որով հպարտանալու է նաև երիտասարդ սերունդը։ Համոզված եմ, որ Հայաստանում կա բավարար ներուժ, ունակություններ, որպեսզի մենք կերտենք հիասքանչ հանրապետություն։ Շատ կարևոր է ձեր դերակատարությունը մեր ապագայի կերտման գործում», -ասել է Տիգրան Սարգսյանը։
Շինարարի օրվա կապակցությամբ և քաղաքաշինության բնագավառի զարգացման գործում ներդրած ավանդի համար ոլորտի մի շարք աշխատակիցներ խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրերով, ՀՀ քաղաքաշինության նախարարի շնորհակալագրերով և ոսկե մեդալներով։