հինգշաբթի, 14 օգոստոսի 2003
«Հայաստանը ԱՊՀ անդամ երկրներից առաջինն է, որ անդամակցել է Միգրացիայի միջազգային կազմակերպությանը: Շուտով լրանում է անդամակցության 10-ամյակը, և կազմակերպությունը նախատեսում է այն նշել: Հույս ունենք, որ մինչ այդ կունենանք կատարված աշխատանքի և դրա արդյունքի մասին լայն հասարակայնությանը ներկայացնելու հնարավորություն», - ասել է Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Մարտին Վիիսին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ:
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, որին ներկայումս անդամակցում է 101 պետություն, իսկ 31-ը՝ դիտորդի կարգավիճակ ունեն, օգնում է կառավարություններին և քաղաքացիական հասարակությանը՝ չնախատեսված միգրացիոն հոսքերի ժամանակ մարդասիրական օգնություն ցուցաբերելով, անկանոն միգրանտների կամավոր վերադարձի, աշխատանքային միգրացիային աջակցելով, մարդկանց անօրինական փոխադրումների և վաճառքի կանխարգելմամբ և մի շարք այլ հարցերով:
Կազմակերպության հայաստանյան առաքելության ղեկավարը և ՀՀ վարչապետը զրույցի ընթացքում կարևորել են հետագա համագործակցության զարգացումը՝ ընդգծելով ծրագրերի արդյունավետության բարձրացման, մեր երկրի համար դրանք առավել օգտակար դարձնելու անհրաժեշտությունը: Վարչապետը հանձնարարել է հանդիպմանը ներկա ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետին՝ նախապատրաստել մեր երկրի և Միգրացիայի միջազգային կազմակերպության միջև ստորագրվելիք համագործակցության հուշագիրը, մանրամասն և հստակ նշելով խնդիրներն ու գործակցության ոլորտները:
Հանդիպման ընթացքում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պրն Վիիսին ներկայացրել է փախստականների խնդիրների լուծման ուղղությամբ մինչ այժմ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ փոխգործակցությունը, համատեղ ծրագրերի իրագործման արդյունքում լուծված խնդիրները և ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է այդ ոլորտում սերտորեն գործակցել նաև միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հետ:
ՄՄԿ հայաստանյան առաքելության ղեկավարը ևս վերահաստատել է կազմակերպության ցանկությունը՝ Հայաստանի հետ գործակցությունը ավելի արդյունավետ, հրապարակային և համակարգված դարձնելու: Նա նշել է, թե իր գործունեության ընթացքում ջանք չի խնայի փոխընդունելի ծրագրերի իրագործման համար պահանջվող ֆինանսական միջոցների հայթայթման և դրանց հաջող իրականացման համար: