ուրբաթ, 15 օգոստոսի 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում վերապատրաստում անցնող՝ աշխարհի 11 երկրներից ժամանած սփյուռքահայ ուսուցիչների պատվիրակությանը:
Նշելով վերջին տարիներին հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների կողմից գործադրվող ջանքերը, վարչապետն այդ գործում առաջնահերթ կարևորություն է վերապահել սփյուռքահայ դպրոցի պահպանման, սերունդների հայեցի կրթության, ազգային ոգով դաստիարակության խնդիրներին: Նա ընդգծել է սփյուռքի հայ մանուկների մեջ Հայաստանի, մեր անկախ պետականության, հայրենիքի զորացման նկատմամբ հավատի ու վստահության սերմանման անհրաժեշտությունը. «Սփյուռքահայ երեխան պետք է տոգորված լինի Հայաստանի հզորացման գաղափարով: Պետության անվտանգության հիմքը ոչ միայն բանակն է, այլև կրթությունը», - ասել է վարչապետը:
Անդրանիկ Մարգարյանը անուրանալի և անփոխարինելի է համարել սփյուռքահայ ուսուցիչների դերը այդ հիմնախնդիրների լուծման շարունակական գործընթացում, նշելով, որ հայրենիքում նրանց մասնագիտական վերապատրաստումը դրա կարևոր բաղկացուցիչներից է:
Հանդիպման ընթացքում ուսուցիչներն իրենց երախտագիտությունն են հայտնել վարչապետին՝ ջերմ ընդունելության համար, որի ընթացքում իրենց հնարավորություն է տրվել ներկայացնելու սփյուռքի հայկական դպրոցների խնդիրները, հանդես գալու սփյուռքի և հայրենիքի միջև կապերի սերտացմանն ուղղված առաջարկներով:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ է մաղթել սփյուռքահայ ուսուցիչներին՝ իրենց դժվարին, բայցև շնորհակալ ու ազգաշահ գործունեության մեջ: