երեքշաբթի, 17 օգոստոսի 2010
Վարչապետն ընդունել է Համահայկական կրթական խորհրդաժողովի մասնակիցներին
Այսօր կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է երկամյա պարբերականությամբ Հայաստանում գումարվող Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովի մասնակիցների հետ։
Հանդիպման նպատակն էր քննարկել արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնախնդիրները, հստակեցնել կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման հաջորդական քայլերը։
ՀՀ կրթության և գիտության ու Սփյուռքի նախարարները վարչապետին են ներկայացրել համաժողովի աշխատանքները։ Նշվել է, որ համաժողովի ընթացքում հնչեցված մոտեցումներն ուրվագծում են համագործակցության խորացման նոր եզրերն ու որոշակիացնում հետագա անելիքները, մասնավորապես` կրթական բարեփոխումների և հայապահպանության խնդիրների առնչությամբ։
Կարևորելով խորհրդաժողովի անցկացումը` վարչապետը մասնավորապես նշել է. «Սա կրթական չորրորդ համահայկական խորհրդաժողովն է, որն անցկացվում է Հայաստանում և դուք հնարավորություն եք ստանում ոլորտի պատասխանատուների հետ քննարկել կրթական բարեփոխումների ձեր տեսլականը։ Միևնույն ժամանակ, սա առաջին հավաքն է, երբ արդեն ունենք սփյուռքի նախարարություն։ Համաժողովը ոչ միայն մասնագիտական հանդիպում է կրթական հարցեր քննարկելու, այլև մեր համահայկական խնդիրներին անդրադառնալու համար»։
Հանդիպման ընթացքում կարևորվել են մի շարք հարցեր, մասնավորապես` մեկօրյա դպրոցների համար ուսումնական ծրագրի ստեղծումը, նոր ուսումնական և էլեկտրոնային նյութերի օգտագործումը կրթական գործընթացում, համահայկական բնագիտական օլիմպիադայի անցկացումը, արտերկրում դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը, փորձի փոխանակումը, ինչպես նաև մանկավարժների կենսաթոշակների հետ կապված հարցերը։
Ամփոփելով հանդիպումը` վարչապետը կարևորել է հայապահպանության գործում ուսուցիչների առաքելությունը նշելով, որ դրա համար մեր երկիրը ոչինչ չի խնայելու։