չորեքշաբթի, 18 օգոստոսի 2010
Տիգրան Սարգսյանն ընդունել է Դամթյու Դեսալեյնեին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) փախստականների գծով գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակի ղեկավար Դամթյու Դեսալեյնեին։
Ողջունելով հյուրին` վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կառույցների և Հայաստանի միջև ծավալված համագործակցությունը։
Հայաստանի կառավարության անունից շնորհավորելով նրան նշանակման կապակցությամբ` վարչապետ Տիգրան Սարգսյանը հաջողություն է մաղթել աշխատանքում և համոզմունք հայտնել, որ դա լինելու է նաև Հայաստանի հաջողությունը փախստականների խնդիրների լուծման գործում։
ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատանքներին տրված գնահատականների համար։
Տիգրան Սարգսյանը նշել է, որ չնայած Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի ջանքերի արդյունքում լուծում են ստանում փախստականների բնակարանային խնդիրները, բայց դեռևս 3300 փախստական ընտանիք բնակարանի կարիք ունի։ Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև ԼՂՀ-ում փախստականների խնդիրներին։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի փախստականների գծով հանձնակատարի գրասենյակի փոխգործակցությունը։