երեքշաբթի, 19 օգոստոսի 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բաքրի Ռուշդի Էլ-Ամարիին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Դեսպանը իր խորին երախտագիտությունն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին, Հայաստանի իշխանություններին, այդ թվում՝ կառավարությանը, անձամբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ ջերմ վերաբերմունքի, պաշտոնավարման ընթացքում իրեն ցուցաբերած աջակցության համար: Զրույցի ընթացքում անդրադառնալով անցած չորս տարիների աշխատանքին, որպես կարևոր ձեռքբերում, նա նշել է, մասնավորապես, երկու երկրների միջև բարձր մակարդակի մի շարք փոխայցելությունների կազմակերպումը, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի դրական արդյունքներն ու համատեղ ձեռնարկությունների ստեղծմանն ուղղված նախաձեռնությունները, ակտիվ համագործակցությունը գիտության, կրթության, առողջապահության բնագավառներում:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ևս գոհունակություն է հայտնել անցած տարիներին դեսպան Ռուշդի Էլ-Ամարիի հետ կառավարության համատեղ աշխատանքից: Նշելով Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, վարչապետը միաժամանակ ընդգծել է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը դեռևս անհրաժեշտ մակարդակի վրա չի գտնվում, փոքր են ապրանքաշրջանառության ծավալները: Ըստ նրա, ծրագրվող եգիպտական առևտրի կենտրոնի ստեղծումը Հայաստանում կարող է զգալիորեն նպաստել հայ-եգիպտական առևտրատնտեսական գործակցության բարելավմանը: Դեսպան Ռուշդի Էլ-Ամարին իր հերթին կարևորել է Հայաստանի և Եգիպտոսի միջև օդային անմիջական կապի վերաբացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ավարտին վարչապետը հաջողություններ է մաղթել պարոն Ռուշդի Էլ-Ամարիին հետագա աշխատանքային գործունեության մեջ՝ հույս հայտնելով, որ նոր դեսպանի նշանակումից հետո ևս հայ-եգիպտական հարաբերությունները նույն հաջողությամբ կզարգանան: