երեքշաբթի, 19 օգոստոսի 2003
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր նորանշանակ հավատարմատար դեսպան դոկտոր Ղասսան Ռասլանին:
Շնորհավորելով դեսպանին և հաջողություններ մաղթելով նրան գործունեության ամբողջ ընթացքում՝ ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ մինչ այժմ հայ-սիրիական կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը, փոխգործակցության գոյություն ունեցող ավանդույթները նույնպիսի հաջողությամբ կշարունակվեն, ինչի համար Հայաստանի կառավարությունն ու վարչապետը շահագրգիռ և պատրաստակամ են: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ համագործակցության լայն հնարավորություններ և ներուժ կա հատկապես տնտեսական ոլորտում, որտեղ լիարժեք օգտագործված չեն նաև մասնավոր հատվածի հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ են նշել միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցության մասին: ՀՀ վարչապետը նշել է նաև, որ Հայաստանը բարձր է գնահատում Սիրիայի անկողմնակալ դիրքորոշումը ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում և հույս է հայտնել, որ այն անփոփոխ կմնա նաև ապագայում, քանի որ, ըստ Անդրանիկ Մարգարյանի, նման դիրքորոշումը միտված է տարածաշրջանում խաղաղության ամրապնդման ու զարգացմանը:
Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար պրն Ղասսան Ռասլանը տեղեկացրել է, որ առաջիկայում սպասվում են Սիրիայի գյուղատնտեսության և կրթության նախարարների այցերը Հայաստան, իսկ տարեվերջին հրավիրվելու է հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Այդ այցերը և նիստի ժամանակ քննարկվելիք բազմաբնույթ հարցերը, դեսպան Ռասլանի կարծիքով, որոշակիորեն կնպաստեն Հայաստանի և Սիրիայի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցությունը գործնական և ավելի արդյունավետ դարձնելուն: