ուրբաթ, 3 սեպտեմբերի 2010
Հոբելյանական ցուցահանդեսը բացել է ՀՀ վարչապետը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Արմենիա Էքսպո 2010» տասներորդ հոբելյանական ունիվերսալ տարածաշրջանային առևտրա-արդյունաբերական ցուցահանդես-ֆորումին, որի բացման արարողության պատիվը վերապահվել էր ՀՀ կառավարության ղեկավարին։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է ավանդական դարձած ցուցահանդեսի անցկացումը և նշել. «Սա բացառիկ հնարավորություն է ստեղծելու շփումներ ձեռնարկատերերի միջև, այն պետք է պահպանի միջազգային կարգավիճակը. անհրաժեշտ է, որ լինեն օտարերկրյա մասնակիցներ, քանի որ դրա շնորհիվ է նաև, որ ստեղծում ենք բիզնես միջավայր Հայաստանի Հանրապետությունում, բացահայտում ենք մեզ համար այնպիսի հետաքրքրություններ, որոնք ներդրողները կդրսևորեն մեր երկրի նկատմամբ»։
Տիգրան Սարգսյանը, խոսելով ֆորումի ընթացքում կազմակերպվող կլոր սեղան-քննարկումների մասին, նշել է, որ դրանք հնարավորություն են ընձեռում այնպիսի պայմանավորվածություններ ձեռք բերելու, որոնք ուղղված են ներդրումների և բիզնես միջավայրի բարելավմանը։
Վարչապետը շրջել է ցուցահանդեսում, ծանոթացել ներկայացված ընկերություններին և դրանց արտադրանքին։
Ցուցահանդեսին մասնակցում է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ռուսաստանի, Բելառուսի, Իրանի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Գերմանիայի, Վրաստանի, Թուրքիայի, Չինաստանի, Լեհաստանի, Իտալիայի ավելի քան 180 կազմակերպություն, ընկերություն և միություն։
Լոգոս էքսպո կենտրոն ցուցահանդեսային ընկերության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից «Կարեն Դեմիրճյան» կենտրոնում անցկացվող «Արմենիա Էքսպո 2010» ցուցահանդեսը կանցկացվի ս.թ. սեպտեմբերի 3-5-ը։