կիրակի, 5 սեպտեմբերի 2010
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է թումանյանական միջոցառումներին
Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելել է ամենայն հայոց բանաստեղծ Հովհանես Թումանյանի ծննդավայր Դսեղ` մասնակցելու այնտեղ անցկացվող «Թումանյանական հեքիաթի օր» խորագրով տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնին:
Կառավարության ղեկավարը բացման հանդիսավոր արարողությունից հետո շրջել է համայնքում, այցելել է գյուղի դպրոցը: Տիգրան Սարգսյանը կարճատև խորհրդակցություն է անցկացրել կրթօջախի աշխատակիցների և մարզպետի մասնակցությամբ, որտեղ առաջ են քաշվել դպրոցի մասնաշենքի վերանորոգման, ներհամայնքային` դեպի դպրոց տանող ճանապարհի վերականգման խնդիրները: Խորհրդակցության ավարտին դպրոցի կոլեկտիվը «Դսեղ» գիրքը` որպես խորհրդանշական նվեր, հանձնել է վարչապետին: Գործադիրի ղեկավարը շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել շենքային պայմաններին:
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան այցելությունից հետո Տիգրան Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին` մասնավորապես նշելով. «Մենք ցանկանում ենք հանրության ուշադրությունը հրավիրել այս միջոցառման վրա և, իհարկե ցանկալի է, որպեսզի բոլոր ծնողները իրենց երեխաների հետ մասնակցեն այս հիասքանչ միջոցառմանը, որը միջազգային կարգավիճակ ունի: Փառատոնը բնականաբար հնարավորորություն է տալու նաև պրոպագանդել Թումանյանին, աշխարհին ներկայացնել մեր մեծատաղանդ գրողին»: Վարչապետը Դսեղ էր եկել կնոջ և որդիների ուղեկցությամբ, որոնց հետ էլ մասնակցել է տիկնիկային փառատոնի ընթացքում կազմակերպված միջոցառումներին:
«Թումանյանական հեքիաթի օր» խորագրով տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը անց է կացվում Դսեղ գյուղում սեպտեմբերի 5-11-ը: