չորեքշաբթի, 20 օգոստոսի 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հրավերով Հայաստանում գտնվող ԱՄՆ կոնգրեսականների աշխատակազմի պատվիրակությանը: Պատվիրակությունը մեր երկիր է ժամանել Հայաստանի տնտեսական իրավիճակին ծանոթանալու և այն ԱՄՆ կոնգրեսականներին ներկայացնելու նպատակով, ինչը կարող է հիմք հանդիսանալ Միացյալ Նահանգների կողմից մեր երկրին տրամադրվելիք օգնության համար:
Հանդիպման ընթացքում գոհունակություն հայտնելով հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա մակարդակից՝ վարչապետը նշել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը զարգանում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող հայկական կազմակերպությունների, այդ թվում՝ Ամերիկայի հայկական համագումարի ջանքերով: Ըստ նրա, ԱՄՆ կոնգրեսականների աշխատակազմի պատվիրակության այցը մեր երկիր այդ համագործակցության անմիջական արդյունքներից է: Անդրանիկ Մարգարյանը կարևորել է հատկապես Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների աճի խնդիրը, որին ուղղված երկու պետությունների ջանքերը համակարգվում են հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի կողմից: Անդրադառնալով մեր երկրին ԱՄՆ-ի ցուցաբերած ֆինանսական աջակցությանը, որը Հայաստանի անկախացումից հետո կազմել է ավելի քան 1.5 մլրդ դոլար, վարչապետը նշել է, որ այդ օգնությունը տարեցտարի ավելի նպատակային, ուղղորդված և հրապարակային է դառնում: Ըստ նրա, տրամադրված միջոցները հիմնականում օգտագործվել են էներգետիկայի, գյուղատնտեսության, պաշտպանության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Իր հերթին Հայաստանը, վարչապետի խոսքերով, ջանում է հնարավորինս բարենպաստ պայմաններ ստեղծել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների, գործարարության խթանման ու զարգացման, ներդրումների խրախուսման, օրենսդրական և հարկային դաշտի բարելավման համար: Հայ-ամերիկյան փոխգործակցության զարգացման, համազգային խնդիրների լուծման գործում Անդրանիկ Մարգարյանը կարևոր է համարել նաև Ամերիկայում մեծ թիվ կազմող մեր սփյուռքահայ հայրենակիցների ակտիվությունը:
ՀՀ վարչապետը պատասխանել է նաև ԱՄՆ կոնգրեսականների աշխատակազմի պատվիրակության անդամներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի: